Նոր մասնագիտություններ և նոր կառույց՝ «Գլաձորում»

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Երևանի «Գլաձոր» համալսարանին տրվեց բակալավրի կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գործունեության թույլտվություն։ Եվ օրերս «Գլաձոր» համալսարանում բացվեց ստոմատոլոգիական կլինիկա՝ ընդլայնելու բուհի գործունեությունը, պատրաստելու մասնագետներ բժշկության և ստոմատոլոգիայի բնագավառներում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին նոր մասնագիտությունների ներմուծման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լիցենզիայի տրամադրումը կծառայի որակյալ կադրերի պատրաստման նպատակին: «Աշխարհում ընդունված կարգի համաձայն՝ մասնավոր բուհերն ավելի լավ կրթություն են տալիս, քան պետականները: Մեզ մոտ 100-ամյա բժշկական համալսարանը դեռ առաջատարն է: Բարի ցանկություն և հույս ունեմ՝ ժամանակի ընթացքում դուք կխախտեք ավանդույթը. կլինի առողջ մրցակցություն, և շեշտադրումն առավելապես կդրվի որակի վրա, ոչ թե ուսանողների թվի ապահովման: Մենք՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, կհետևենք բուհում որակյալ կադրերի պատրաստման ընթացքին»,- ասել է Կ. Թռչունյանը:

Բուհում ստեղծվել է բժշկական և ստոմատոլոգիական մասնագիտությանն առնչվող առարկաներ դասավանդող պրոֆեսորադասախոսական հզոր կազմ: «Բուժական գործը» և «Ստոմատոլոգիան» լինելով սպեցիֆիկ մասնագիտություններ, միայն լսարանային պայմանները բավարար չեն կրթական գործընթաց կազմակերպելու համար, այդ իսկ պատճառով համալսարանը ձեռք է բերել բավական հարուստ ռեսուրս, նյութատեխնիկական բազա. պատրաստ են «Յունիդենտ» ստոմատոլոգիական կլինիկան, բուժական գործի համար ստեղծված լաբորատորիան, 3D էկրանը՝ նախատեսված մասնագիտական դասընթացը առավել մատչելի ու տեսանելի դարձնելու համար, տեխնիկապես հագեցված լսարանները, որոնք հնարավորություն են տալու յուրաքանչյուր ապագա մասնագետի յուրացնել տրվող գիտելիքները, իրականությանը մոտ տեսնել բժշկություն բարդ մասնագիտության առանձնահատկությունները: Կարևորվել է նաև մասնագիտական գրականությունը:    

«Ստոմատոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած այս կլինիկան և մյուս օղակները լավագույն հնարավորություն կլինեն մեր ապագա ուսանողների համար՝ ստանալու բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ՝ տեսականը համադրելով պրակտիկ գործունեության հետ: Արդեն ավելի քան 30 տարի մենք՝ «Գլաձոր» համալսարանի հիմնադիրներս և ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմը քաջ գիտակցում ենք այն պատասխա­նատ­վութ­յունը, որ կրում ենք սերունդներ կրթելիս: Մեր գործի ու խոսքի համատեղելիությունը հենց այդ տարիներն են, որոնց ընթացքում դեպի կայուն մասնագիտական ապագա ենք ճանապարհել հազարավոր երիտասարդ մասնագետների: Նրանցից շատ շատերը համալրել են մեր և այլ երկրների լավագույն մասնագետների շարքերը: Նրանցից ոմանք վերադարձել են հարազատ կրթօջախ՝ ստացած գիտելիքները վերադարձնելու նոր սերնդին:    

Վստահ ենք, ինչպես մյուս, այնպես էլ բժշկական և ստոմատոլոգիական մասնագիտությունների ուսուցման գործում ևս մենք կհաջողենք: Ու տարիներ անց, երբ կխոսենք մեր անցած ուղու մասին, երբ կբարձրաձայնենք մեր ձեռքբերումների մասին, իրավունք կունենանք և հպարտությամբ ի ցույց կդնենք նաև այս երկու մասնագիտությունները»,- իր խոսքում նշեց «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը: