ԿԳ նախարարի հանդիպումը գլաձորցիների հետ

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հանդիպեց Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախասական անձնակազմի հետ: Ոչ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպումից հետո ծագած բազմաթիվ հարցերից բացի «Գլաձոր» համալսարանում քննարկման արժանի այլ հարցեր ևս կային: Նախարարը, գիտակցելով ոլորտի առջև ծառացած դժվարությունները՝ նշեց. «Բարձրագույն կրթության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք առաջացել են անցյալում, առկա են ներկայում և, եթե չլուծենք, մեզ անընդհատ ուղեկցելու են ապագայում: Բարձրագույն կրթության ոլորտում խոչընդոտները գալիս են նրանից, որ ունենք մի շարք անկատար օրենքներ և կարգավորումներ, այդ թվում նաև բարձրագույն կրթության մասին օրենքը»,-ասաց նա: Անդրադառնալով անցած տարի շրջանառության մեջ դրված ու չընդունված ՀՀ բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ սկզբնական փուլում այն բավական առաջադեմ էր, բայց հետագայում արված փոփոխությունների արդյունքում զրոյացվել է այդ առաջընթացը. «Առաջիկայում նախատեսում ենք նոր քննարկումներ և երևի աշնանը կընդունենք օրենքը: Կարևոր է մասնավոր բուհերի ռեկտորների մասնակցությունը քննարկումներին, քանի որ մասնավոր բուհերի հետ կապված էլ կարևոր կետեր կան: Նորից կքննարկվեն բոլոր առաջարկները»: Գիտակցելով բուհերում առկա լճացման հիմնական պատճառները, որոնցից մեկը հատկապես պետական բուհերի քաղաքականացված լինելն է, նախարարը հիշեցրեց, որ նոր կառավարությունը որդեգրել է կրթական համակարգի ապաքաղաքականացման գործընթաց, անդրադարձավ նաև բուհերի միավորման հարցին, քանի որ այսօրվա իրավիճակը էականորեն ազդում է կրթության որակի վրա
«
Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, որ մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Բարձրագուն կրթության մասին նոր օրենքի նախագծի քննարկումներին, նախարար Ա. Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց հատկապես ոչ պետական բուհերին առնչվող մի շարք հարցերի վրա, ինչպիսին օրինակ ակադեմիական ազատություններն են և ինքնավարությունը, ընդունելության կարգը, մասնավոր բուհերի՝ միասնական ընդունելության քննություններին մասնակցելու անհրաժեշտությանը և այլն: Ռեկտորն առաջարկեց մեկ անգամ ևս անդրադարձ կատարել մի շարք կարևորագույն հասկացությունների, ինչպիսին օրինակ գիտելիքն է՝ հասկանալու համար՝ ինչ է հարկավոր մերօրյա կրթական համակարգին, որքանով է հետագայում այդ գիտելիքը դառնալու սոցիալական, նյութական պայմաններ ապահովելու հիմք, ի վերջո՝ ի՞նչ է հարկավոր մեր պետությանը՝ դիպլոմակի՞ր, թե գիտելիքակի՞ր մասնագետներ:
Ի դեպ, որպես Կրթության և գիտության նախարար, սա Ա. Հարությունյանի առաջին հանդիպումն էր ոչ պետական բուհում: