Հիմնադիրներ





Ժորա Դանիելի Ջհանգիրյան


Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին Արարատի շրջանի (ներկայիս Արարատի մարզ) Արարատ գյուղում, գյուղացու ընտանիքում: 1959 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961թ. անցել աշխատանքի Արարատի շինարարական կազմակերպությունում՝ որպես տասնապետ: 1962-1965թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո՝ 1966 թվականից աշխատել է Արարատի ցեմենտ-թիթեղի (շիֆերի) կոմբինատում որպես դիսպետչեր: Նույն թվականին ընդունվել է  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես ավագ լաբորանտ: 1973-1977թթ. ուսանել է համալսարանի ասպիրանտուրայում «Պետական և վարչական իրավունք» մասնագիտությամբ: Ասպիրանտուրան ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի: 1984 թվականից մինչև 1990-ը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ներկայիս` ճարտարապետաշինարարական ինստիտուտ), նախ՝ որպես ավագ դասախոս, իսկ 1987 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1990 թվականին հիմնել է «Գլաձոր» կառավարման համալսարանը:

Չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը` Ժ. Ջհանգիրյանը մշտապես զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով: 1984 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 2004-ին` դոկտորական ատենախոսություններ: 2006 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Ռեկտորը շուրջ 40 գիտական աշխատության հեղինակ է, որոնցից 4-ը` մենագրություն: Մոսկվայում լույս տեսած «Իշխանությունների տարանջատումը Հայաստանի Հանրապետությունում. սահմանադրական մոդել և իրականություն» գիրքը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից թույլատրվել է օգտագործել որպես ուսումնական ձեռնարկ: Ժ. Ջհանգիրյանի դասախոսական և գիտական երկարամյա գործունեությունն ըստ արժանվույն գնահատվել է հայրենի իշխանությունների և «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհրդի կողմից: Նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, Կրթության և գիտության նախարարության, «Գլաձոր» համալսարանի Ոսկե հուշամեդալներով: Ամուսնացած է: Կինը` Ա. Խառատյանը «Գլաձորի» ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն է: Ունեն երկու որդի: Ավագ որդին` Դանիել Ջհանգիրյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ, համալսարանում դասավանդում է մի շարք մասնագիտական առարկաներ: Կրտսեր որդին` Էդգար Ջհանգիրյանը իրավաբան է: Ջհանգիրյանն ունի չորս թոռնիկ:

Ամալյա Մարտիրոսի Խառատյան


Երևանի «Գլաձոր» համալսարանի համահիմնադիր, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ամալյա Խառատյանը ծնվել է Երևանում: Գերազանցությամբ ավարտելով Ավ. Իսահակյանի անվ. N 16 միջնակարգ դպրոցը` ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որտեղ էլ 1971 թվականից ուսմանը զուգահեռ աշխատել է, զբաղվել գիտական գործունեությամբ: Ատենախոսության թեմա է հաստատվել Մոսկվայի Պլեխանովի անվան ինստիտուտի իրավագիտության ամբիոնում և նույն ինստիտուտում էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1980-1995 թվականներին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության պատմության և իրավագիտության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս: Բուհի ստեղծման առաջին իսկ օրից` 1990 թվականից ստանձնել է ուսումնական հարցերի գծով պրոռեկտորի պարտականությունները: Իրավագիտության ամբիոնի դասախոս է: Ստացել է պրոֆեսորի, ապա նաև Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից` պատվավոր դոկտորի կոչում: Դասավանդում է «Քաղաքացիական իրավունք», «Ընտանեկան իրավունք» առարկաները, «Գլաձոր» համալսարանի դոցենտ է: Ամուսնացած է, ունի երկու որդի։ 2010 թվականին կրթության և գիտության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 20-ամյակի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալներով:

Դանիել Ժորայի Ջհանգիրյան


Համալսարանի հիմնադիրներից Դանիել Ջհանգիրյանը ծնվել է 1973թ. Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1990-1995թթ. սովորել է «Ժողովրդական տնտեսության ինստիտուտի» (ներկայիս՝ ՀՊՏՀ) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում: Ավարտելով նույն բուհի ասպիրանտուրան` 1999թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան, դոցենտ է: «Գլաձորի» ստեղծման առաջին իսկ օրից դասավանդում է համալսարանում: Այժմ տնտեսական հարցերի գծով պրոռեկտորն է: 2009թ. մասնակցել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի Միջազգային այցելուների ծրագրին՝ ուսումնասիրելով ԱՄՆ կրթական համակարգը: 2012թ. գործուղվել է Ամստերդամի համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ՝ կատարելու կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացների լավագույն փորձի ուսումնասիրություն: Մոսկվայում մասնակցել է կրթության որակի ապահովմանն ու բարելավմանն ուղղված վերապատրաստումների,  «Տեմպուս և Էրազմուս Մունդուս. Հնարավորություններ արևելյան գործընկերությանը» սեմինարներին, ինչպես նաև՝ Նեոլեզվաբանական ծրագրավորման թրեյնինգների՝ «Միջտարածաշրջանային կենտրոնների ասոցիացիայի» կողմից ստանալով Նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետի որակավորում: Մենագրության, ձեռնարկների և տասնյակ հոդվածների հեղինակ է: 2010թ. ՀՀ ԿԳՆ կողմից պարգևատրվել է կրթության ոլորտում ունեցած ավանդի համար: Դասավանդում է «Գործնական էտիկետի հիմունքները» և «Բանկեր և բանկային գործ» դասընթացները։