This is some text inside of a div block.

ԺՈՐԱ ԴԱՆԻԵԼԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Ռեկտոր

Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին Արարատի շրջանի (ներկայիս Արարատի մարզ) Արարատ գյուղում, գյուղացու ընտանիքում: 1959 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961թ. անցել աշխատանքի Արարատի շինարարական կազմակերպությունում՝ որպես տասնապետ: 

1962-1965թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո՝ 1966 թվականից աշխատել է Արարատի ցեմենտ-թիթեղի (շիֆերի) կոմբինատում որպես դիսպետչեր: Նույն թվականին ընդունվել է  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 

Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես ավագ լաբորանտ: 

1973-1977թթ. ուսանել է համալսարանի ասպիրանտուրայում «Պետական և վարչական իրավունք» մասնագիտությամբ: Ասպիրանտուրան ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի: 

1984 թվականից մինչև 1990-ը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ներկայիս` ճարտարապետաշինարարական ինստիտուտ), նախ՝ որպես ավագ դասախոս, իսկ 1987 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1990 թվականին հիմնել է «Գլաձոր» կառավարման համալսարանը: 

Չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը` Ժ. Ջհանգիրյանը մշտապես զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով: 1984 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 2004-ին` դոկտորական ատենախոսություններ: 

2006 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 

Ռեկտորը շուրջ 40 գիտական աշխատության հեղինակ է, որոնցից 4-ը` մենագրություն: Մոսկվայում լույս տեսած «Իշխանությունների տարանջատումը Հայաստանի Հանրապետությունում. սահմանադրական մոդել և իրականություն» գիրքը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից թույլատրվել է օգտագործել որպես ուսումնական ձեռնարկ: Ժ. Ջհանգիրյանի դասախոսական և գիտական երկարամյա գործունեությունն ըստ արժանվույն գնահատվել է հայրենի իշխանությունների և «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհրդի կողմից: Նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, Կրթության և գիտության նախարարության, «Գլաձոր» համալսարանի Ոսկե հուշամեդալներով: 2021թ-ին Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը ՀՀ նախահագ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ամուսնացած է: Կինը` Ա. Խառատյանը «Գլաձորի» ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն է: Ունեն երկու որդի: Ավագ որդին` Դանիել Ջհանգիրյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ, համալսարանում դասավանդում է մի շարք մասնագիտական առարկաներ: Կրտսեր որդին` Էդգար Ջհանգիրյանը իրավաբան է: Ջհանգիրյանն ունի չորս թոռնիկ: