Միջոցառումը վարեց Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանը։ Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Խալիլ Շիրղոլամին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Ելույթ ունեցողները կարևորեցին Կենտրոնի ստեղծման ռազմավարական և գիտակրթական նշանակությունը՝ ընդգծելով դրա ներուժը հայ-իրանական հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման ամրապնդման և տարածաշրջանային գործընթացների համակողմանի ուսումնասիրման գործում։ Համալսարանի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց, որ նման նախաձեռնությունը պետք է ունենա շարունակական բնույթ՝ վերածվելով հետևողականորեն զարգացող գիտակրթական հարթակի։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին կարևորեց Կենտրոնի դերը հայ-իրանական հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև պատմամշակութային ու գիտական կապերի ամրապնդման համատեքստում։Միջոցառմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ու հասարակական գործիչներ, փորձագետներ և գիտնականներ։
Կենտրոնի գործունեությունը կծավալվի երկու հիմնական ռազմավարական ուղղություններով։
1. Պարսկերենի և պարսկական մշակույթի ուսումնասիրություն ու հանրահռչակում։
Այս ուղղությունը ներառելու է պարսկերենի ուսուցման, իրանական մշակույթի, պատմության և քաղաքակրթական ժառանգության ուսումնասիրման ու հանրահռչակման ծրագրեր։ Որպես առաջիկա գործնական նախաձեռնություն՝ արդեն 2026 թվականի նոյեմբերից համալսարանում կմեկնարկեն պարսկերենի անվճար դասընթացներ, որոնք հասանելի կլինեն հետաքրքրված ուսանողների և այլ շահառուների համար։
2. Աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների հետազոտություններ։
Այս ուղղության շրջանակում կիրականացվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություններին, Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ընթացող քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ։
Կենտրոնի գործունեության շրջանակում նախատեսվում է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, փորձագիտական հանդիպումներ, վարպետության դասեր և այլ գիտակրթական միջոցառումներ՝ ապահովելով ակադեմիական, փորձագիտական և գործնական համագործակցության արդյունավետ հարթակ։ Երևանի «Գլաձոր» համալսարանի համար Կենտրոնի հիմնադրումը կարևոր քայլ է միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային հետազոտությունների ուղղությամբ համալսարանի գիտակրթական ներուժի ընդլայնման, միջազգային համագործակցության զարգացման և նոր գիտական նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Կենտրոնը միտված է դառնալու հայ-իրանական գիտակրթական երկխոսության, իրանագիտական ուսումնասիրությունների և տարածաշրջանային գործընթացների մասնագիտական վերլուծության կարևոր հարթակ։