ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ » ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 25 -Ի ՆԻՍՏՈՒՄ
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`
ՌԵԿՏՈՐ` Ժ.Դ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Երևանի «Գլաձոր» համալսարանի (այսուհետ՝ ԵԳՀ) ակադեմիական խորհրդատուների գործունեության կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է «Կրթության մասին», «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգի» և ԵԳՀ ներքին այլ փաստաթղթերի հիման վրա:
1.2 Ուսուցման երկաստիճան կրթական համակարգում ուսանողների անհատական ուսումնական պլանի կազմման և իրականացման աշխատանքներին աջակցելու, ուսումնադաստիրարակչական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրթական գործընթաց իրականացնող ստորաբաժանման (ամբիոնի) կազմում ստեղծվում է ակադեմիական խորհրդատուների ծառայություն, որի գործունեության հիմնական ուղղվածությունը և դրույթները սահմանվում են սույն կանոնակարգով:
1.3 Ակադեմիական խորհրդատուների ծառայությունը համակարգում են ավագ ակադեմիական խորհրդատուները, ովքեր նշանակվում և ազատվում են ռեկտորի կողմից:
2. ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Խորհրդատվական ծառայություններ ստացողները համալսարանի ուսումնառողներն են:
ԵԳՀ-ում խորհրդատվական պարապմունքների անցկացումն իրականացվում է հետևյալ նպատակով՝
• աջակցել ուսանողների ակադեմիական, գիտակրթական, մշակութային, սոցիալական ոլորտին առնչվող հիմնախնդիրների քննարկմանը և դրանց լուծումներին
• խորհրդատվություն տրամադրելու, լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով նպաստել ուսանողների արդյունավետ ուսումնառությանը,
• զարգացնել գիտական աշխատանք գրելու հմտությունները ուսանողների շրջանում,
• նպաստել ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը,
• նպաստել ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանն աշխատաշուկայում
• նպաստել բուհ-հասարակություն կապի ամրապնդմանը
• նպաստել հասարակության և համալսարանի ուսանողության կարողությունների զարգացմանը:
Խնդիրներ են`
• հասարակությանը ծառայություններ մատուցելու կարողությամբ և մասնագիտական ու սոցիալական ոլորտներին իրազեկման ունակ անհատի ձևավորումը,
• համալսարանի ուսանողների կրթական կարիքները հաշվի առնող լրացուցիչ ծառայությունների ստացման հնարավորությունը,
• ուսանողների շարժունության և աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
• Տրամադրվող լրացուցիչ խորհրդատվությունն իրականացնել սահմանված ժամանակացույցով, որը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի համար:
3. ԱՎԱԳ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
3.1 Ակադեմիական ավագ խորհրդատուն (այսուհետ՝ ավագ խորհրդատու) թողարկող ստորաբաժանման պրոֆեսորադասախոսական անձնակազմից է, որը կազմակերպում է որոշակի մասնագիտության(ների) և մասնագիտացում(ների) ուսանողների խորհրդատվությունը:
3.2 Ավագ խորհրդատուի աշխատանքն իրականացվում է ուսումնական բեռնվածքի ոչ լսարանային ժամերի հաշվին:
3.3 Ավագ խորհրդատուն.
• համակարգում է ամբիոնի ակադեմիական խորհրդատուների գործունեությունը, աշխատանքային պլաննների և ժամանակացույցերի կազմումը,
• ամիսը մեկ անգամ ամփոփում է ակադեմիական խորհրդատուների գրավոր հաշվետվությունները, դրանք ներկայացնում ամբիոնի վարիչի քննարկմանը:
3.4 Խորհրդատուի աշխատանքը համակարգվում է ԵԳՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և ուսումնական մասի պետի կողմից:
3.5 Ավագ խորհրդատուի աշխատանքը վերահսկվում է ամբիոնի վարիչի կողմից:
3.6 Ավագ խորհրդատուի աշխատանքային պարտականություններն են.
• մասնակցություն կրթության որակի ապահովման, կառավարման գործընթացների կազմակերպման փաստաթղթերի, կանոնակարգերի, մեթոդական նյութերի պատրաստմանը,
• ուսանողի կրթական գործընթացին առնչվող ցանկացած հարցերի խորհրդատվության և օգնության կազմակերպում,
• ուսուցման գործընթացում կատարվող փոփոխությունների մասին ուսանողին տեղեկատվության տրամադրում,
• մասնակցություն կամընտրական դասընթացների փորձնական դասախոսությունների կազմակերպմանը և անցկացմանը,
• կրթական գործընթացի կազմակերպման տեղեկատվական նյութերի նախապատրաստում (նոր դասընթացների դասախոսություն-ներկայացում, ստենդ, կայք և այլն),
• ակադեմիական խորհրդատուների համար խորհրդատվության կազմակերպում,
• մատենավարության վերահսկում:
4. ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
4.1. Ակադեմիական խորհրդատուն (այսուհետ՝ Խորհրդատու) պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակյալ մասնագետներից է, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ներկայացմամբ նշանակվում է ռեկտորի հրամանով, կազմակերպում է ուսանողների մեկ ակադեմիական խմբի (մինչև 20 ուսանող) ողջ ուսումնական գործընթացը:
4.2. Խորհրդատուի աշխատանքն իրականացվում է ուսումնական բեռնվածքի ոչ լսարանային ժամերի հաշվին` 1 ակադեմիական խմբի համար` 32 ժամ:
4.3. Խորհրդատուի կատարած աշխատանքի գնահատականը դասախոսի աշխատանքի որակի գնահատման բաղադրիչ է (վարկանշային համակարգ): Խորհրդատվական ժամերը արտահայտվում են դասացուցակում:
4.4. Խորհրդատուի աշխատանքի վերահսկողությունն իրականացվում է դեկանի, ամբիոնի վարիչի և Ավագ խորհրդատուի կողմից:
4.5. Խորհրդատուի աշխատանքը համակարգվում է այն ուսումնական ստորաբաժանման կողմից, որտեղ իրականացնում է խորհրդատվական գործունեություն:
4.6. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում Խորհրդատուն Ավագ խորհրդատուին ներկայացնում է աշխատանքային պլան, յուրաքանչյուր շաբաթ` հաշվետվություն կատարած աշխատանքների մասին:
4.7. Խորհրդատուի աշխատանքի գնահատումը կատարվում է ուսանողների ուսումնական ձեռքբերումների ցուցանիշներով:
4.8. Խորհրդատուի աշխատանքային պարտականություններն են.
• պարզաբանել ուսանողի իրավունքները և պարտականությունները,
• ապահովել ուսումնառության արդյունավետությունը,
• կազմակերպել կրթական գործընթացին վերաբերող հարցերի անհատական և խմբային խորհրդատվություն,
• ուսանողին տրամադրել ուսուցման գործընթացում կատարվող փոփոխությունների մասին տեղեկատվություն,
• մասնակցել ուսանողի ակադեմիական կարգավիճակի, առաջադիմության քննարկման հանձնախմբերի աշխատանքներին,
• կազմակերպել խմբային աշխատանք և միջխմբային համագործակցություն,
• հսկել և վերլուծել ուսանողի առաջադիմության դինամիկան, կազմել ուսանողների անձնական տվյալների բազա:
4.9. Խորհրդատուն պատասխանատու է ուսանողի`
• ուսանողական իրավունքներին ու պարտականություններին ծանոթացման,
• ուսումնական գործընթացին հարմարվելու,
• ուսումնական և արտալսարանային աշխատանքների կազմակերպման,
• ուսումնական պարապմունքներին հաճախման,
• գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներին ակտիվ մասնակցության,
• ինքնուրույն աշխատանքների կատարման,
• առաջադիմության,
• հասարակական աշխատանքների մեջ ընդգրկման,
• ֆակուլտետային, համալսարանական, և համաքաղաքային միջոցառումներին մասնակցության,
• կարգապահության,
• անձին վերաբերող սոցիալական և այլ հարցերի համար:
4.10. Խորհրդատուն իրավունք ունի.
• ստանալու ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն այն ուսումնական ստորաբաժանման կողմից, որտեղ իրականացնում է խորհրդատվական գործունեություն,
• ստանալու աջակցություն ուսումնական ստորաբաժանումների կողմից իր պարտականությունները և իրավունքները իրականացնելու համար,
• ամբիոնի քննարկմանը ներկայացնել ուսումնական գործընթացի կատարելագործմանը և ուսանողների պատրաստվածության որակի բարձրացմանը ուղղված առաջարկներ,
• մասնակցելու ավարտական աշխատանքների պաշտպանությանը: