Խմբագրություն

Խմբագրության մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի խմբագրությունը, որը գործում է իր կանոնակարգի հիման վրա, ձևավորվել է 1996 թվականին: Հենց այդ թվականի դեկտեմբերի 28-ին լույս տեսավ «Նոր Գլաձոր» երիտասարդական-ուսանողական ամսաթերթի անդրանիկ համարը: Ի սկզբանե այն նպատակ ուներ լուսաբանել ուսանողների նախասիրությունները, հետաքրքրությունները, խնդիրները, հոգսերը և ուրախությունները:

Թերթի առաջին խմբագիրն էր Մարիամ Գևորգյանը, խորհրդատուն` Էմանվել Մանուկյանը: «Տխուր ժպիտներ», «Քննում են» ուսանողները», «Լրագրողի նոթատետրից», «Կարծիք-առաջարկություն», «Աշխատանք և ուսում», «Սիրո հասակ», «Մեր հյուրասրահը», «Գեղեցիկի քուրմեր»... Ընթերցողն անհամբերությամբ էր սպասում այս ու շատ այլ խորագրերի: 

1999թ-ին խմբագիր Մարիամ Գևորգյանին փոխարինում է Հակոբ Սրապյանը, ով իր գեղարվեստական գրչով ուրույն շունչ է հաղորդում թերթին. զետեղվում են նաև բանաստեղծություններ, ավելանում է լիրիկական մասը:

2005-2006թթ. թերթի իրականացման պատասխանատվությունը կրկին ստանձնում է Մարիամ Գևորգյանը: 2006-2012թթ. «Նոր Գլաձորի» խմբագիրն էր  Էլիզա Հովհաննիսյանը, իսկ 2012-2014թթ.` Նոնա Փայտյանը:

Ներկայումս «Նոր Գլաձորի» խմբագիրը կրկին  Էլիզա Հովհաննիսյանն է: 

Թերթի լույսընծայման առաջին իսկ օրերից թերթն էջադրել ու ձևավորել է Լուսինե Վարդանյանը:

Այսօր էլ թերթը չի հեռանում իր առաքելությունից՝ պահպանելով առաջնեկի խորագրերից շատերը՝ «Քննում են» ուսանողները», «Դասախոսն ուսանողի աչքերով», «Մեր հյուրասրահը»... Փոխվել են ժամանակները, ընթերցողի պահանջներն ու հետաքրքրությունները, ըստ այդմ էլ ավելացել ու ընդլայնվել են նյութերի թեմատիկ ընդգրկումները, համալրվել խորագրերի շարքը՝ «Մեր շառավիղները», «Ոչ միայն ուսում», «Հայրենի եզերք», «Մեր փոստարկղը», «Հմուտ ձեռքեր», «Միջօրեական», «Այս տանը ապրել է...», «Երբ խոսում է հիշողությունը»…