ԵԳՀ ՈՒՍԱՆՈՂԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2020 թվականը Երևանի «Գլաձոր» համալսարանի համար նշանավոր տարեթիվ է: Բուհը տոնում է ստեղծման երեսունամյակը: Ինչպես յուրաքանչյուր հոբելյանական տարեթիվ, այնպես էլ 30-ամյակը «Գլաձոր»-ի համար նշանավորվում է նոր գաղափարներով ու նոր մտքերի կյանքի կոչմամբ: Այսուհետ համալսարանի առաջին կուրսեցիների համար սեպտեմբերի 1-ը կստանա նոր խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը երդման արարողությամբ հավատարմության խոստում կտա իրեն գրկաբաց ընդունած կրթության կաճառին և կվաստակի գլաձորցի կոչվելու պատիվը:

 

Առաջին կուրսեցու երդման տեքստ

Ես Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողս,

Երդվում եմ

Լինել առաքինի և ուսումնատենչ, յուրացնել մասնագիտական գիտելիքներն ու չբավարարվել դրանցով,

վառ պահել հայ կրթական ու գիտական մտքի կանթեղն իմ ուսումնառության բոլոր տարիների ընթացքում և ապագայում,

հարգել ու սիրել կրթության՝ «Գլաձոր» կոչվող կաճառում անձնվիրաբար ուսուցանող դասախոսներիս և ականջալուր լինել նրանց յուրաքանչյուր խոսքին,

լինել միջնադարյան Գլաձորի համալսարանի ավանդույթների կրող մերօրյա բուհի արժանի զավակն ու կարկառուն ներկայացուցիչը, լինել արժանի կրելու գլաձորցի հնչեղ անունը:

Երդվում եմ՝ մշտապես հավատարիմ մնալ երդմանս:

Երդվում եմ: