Երևանի «Գլաձոր» համալսարանի և Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսների համատեղ հետազոտության շնորհանդեսը Ճապոնիայում կազմակերպված 8-րդ Միջազգային Գիտաժողովին
մարտի 16-19, 2019, Օսակա
Եվս մեկ նախաձեռնություն
և առաքելություն հրաշալիորեն իրագործվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի (ԵԳՀ)
և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՊՌՏՀ) մոտիվացված գործընկերների՝ ԵԳՀ-ի դասախոս, բ.գ.թ., դոց. Լիլիթ Ս. Սահակյանի և ՊՌՏՀ-ի ավագ դասախոսներ Ելենա Գավրիլովայի և Կիրա Տրոստինայի համագործակցության շնորհիվ: «Ինֆորմատիկա, Շրջակա միջավայր, Էներգետիկա և Գործնական կիրառություն» խորագրով 8-րդ Միջազգային գիտաժողովի (IEEA 2019) գրախոսների, ինչպես նաև պատասխանատու հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, հայ և ռուս մասնագետների աշխատանքը հաստատվեց և սեղմագիրը ներառվեց IEEA
2019 գիտաժողովի ծրագրում: Դասախոսները հրավիրվեցին Ճապոնիա՝ ներկայացնելու համատեղ հետազոտության արդյունքները 8-րդ Միջազգային գիտաժողովին, որը տեղի ունենացավ Օսակա քաղաքի Միջազգային կոնվենցիայի կենտրոնում մարտի 16-ից մինչև մարտի 19-ը ընկած ժամանակահատվածում:
«Ինֆորմատիկա, Շրջակա միջավայր, Էներգետիկա և Գործնական կիրառություն» խորագրով Միջազգային գիտաժողովն ամենամյա է, որը նախաձեռնում է ԱՄՆ-ի Գիտության և Ճարտարագիտության Ինստիտուտը, որին աջակցում են Ավստրալիայի Վուլլոնգոնգ համալսարանը, Ճապոնիայի Տոկայ համալսարանը, Չինաստանի Գյուղատնտեսական համալսարանը, Թաիլանդի Չուլալոնգկոր և Կահիրեի Գերմանական համալսարանները: Գիտաժողովի գաղափարն է միավորել հետազոտողներին, ովքեր իրենց աշխատանքն ու ջանքերն են նվիրում էներգետիկայի, ինֆորմատիկայի և շրջակա միջավայրի ոլորտներին առնչվող մերօրյա որոշ կարևորագույն թեմաներին: Գիտաժողովը նպատակ ունի օգնել հետազոտողներին միջազգային մակարդակով փոխանակել իրենց գաղափարները` ուշադրություն դարձնելով տեղեկատվական տեխնոլոգիաների,
հաշվարկման և շրջակա միջավայրի հետ կապված հետազոտությունների համադրությանը:
Երկու բուհերի հայ և ռուս մասնագետները ներկայացրին իրենց հետազոտությունը հետևյալ թեմայով՝ «Alma Mater-ի շրջակա միջավայրի կայունության վերաբերյալ ուսանողների ընկալումները. համեմատական ուսումնասիրություն ռուսական եւ հայկական ակադեմիական միջավայրերում»՝ ուշադրությունը կենտրոնացնելով բնապահպանական կայունության վրա` որպես կրթական հաստատությունների մշտական մտահոգություն թեմա, որն ունի կենսականորեն կարևոր սոցիալական, ակադեմիական և ֆինանսական հետևանքներ: Ուսումնասիրության նպատակն է քննել և համեմատել 2 տարբեր մշակույթներում ձևավորված ուսանողների ընկալումներն իրենց հարազատ համալսարանների համար բնապահպանական մարտահրավերներ հանդիսացող հիմնախնդիրների վերաբերյալ՝ զուգադրելով և հակադրելով աշխարհագրական երկու հեռավոր միջավայրերը՝ որպես օրինակ դիտարկելով ԵԳՀ-ն և ՊՌՏՀ-ն: Հետազոտության արդյունքները նախատեսվում է օգտագործել ի շահ ազգային կրթական գործընթացների ոլորտում ռազմավարությունների մշակողների և այլ շահակիցների արդյունավետ աշխատանքի՝ խթանելով համալսարանների էկո-գիտակից պատկերը, մեծացնելով ուսանողների՝ շրջակա միջավայրի մասին իրազեկվածության աստիճանը և ավելացնելով բուհական հաստատությունների վարչարարության համար անհրաժեշտ էական ծախսերի խնայողության չափերը: