Համագործակցության հուշագիր
Արարատբանկի
և «Գլաձոր» համալսարանի միջև
Բարձրագույն ուսումնական հաստատություն-գործատու
կապն ավելի սերտացնելու նպատակով Երևանի «Գլաձոր» համալսարանի և Արարատբանկ ԲԲԸ-ի միջև
կնքվեց համագործակցության հուշագիր, որի առարկան համալսարանում գործող «Ֆինանսներ»,
«Կառավարում», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Բանկային գործ» մասնագիտությունների
կրթական ծրագրերի կատարելագործումն է: Համագործակցությունը ենթադրում է երկու կարևոր
ուղղություն, այն է՝ վերոնշյալ մասնագիտությունների համար ծրագրերի մշակում, որը կներառի
բոլոր պրակտիկ առարկաները, և որոնք կդասավանդվեն Արարատբանկի գործող մասնագետների և
«Գլաձորի» դասախոսական կազմի կողմից: Ինչպես նաև նախատեսվում է ուսումնական բանկի ստեղծում,
որը հնարավորություն կընձեռնի մոտեցնել ուսումնական ծրագրերը բանկի պրակտիկ աշխատանքին:
Ապագա մասնագետները ուսանողական տարիներին արդեն հնարավորություն կստանան բուհական,
բայց պրակտիկ միջավարում տեսնել և յուրացնել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք են բանկի
դրամարկղի աշխատանքը, բանկերում որոշումների կայացման գործընթացը՝ վարկերի տրամադրում,
նոր պրոդուկտի ներդրում, մարքեթինգի իրականացում, վաճառքի խողովակների փնտրում, ռիսկերի
կառավարում և հաշվապահական հաշվառում: «Ուսումնական բանկի նպատակն է ուսանողներին հնարավորություն
տալ հասկանալ բանկի կառուցվածքը, գործառույթները և կարողանալ կյանք մտնելուց ճիշտ ընտրություն
կատարել, գիտակցել, թե տնտեսության որ ոլորտն
է իրենց հետաքրքրում և բանկի որ աշխատանքն է իրենց հարազատ: Մենք փորձելու ենք տալ
բանկային ոլորտի լավագույն գիտելիքները, լավագույն նեոբանկինգի գիտելիքները՝ վարկավորումից
մինչև ռիսկերի կառավարում, պլաստիկ քարտեր, մարքեթինգ և այլն, որոնցով աշխատանքի ընդունվելիս
մեր շրջանավարտներն ունենալու են գիտելիքներ, պատկերացումներ, որով կարողանալու են
մրցել ու լինել առաջատար: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի լավագույնը հայաստանյան
բուհական շուկայում»,-իր խոսքում նշեց Արարատբանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ
Աշոտ Օսիպյանը:
«Գիտելիքը լիարժեք է դառնում, երբ տեսականին
զուգահեռ ուսումնառողը յուրացնում է նաև պրակտիկ հմտություններ: Մեր համագործակցությունը
Արարատբանկի հետ նպատակ ունի համատեղ ծրագրերի միջոցով պատրաստել բարձրակարգ մասնագետներ,
որոնք ավարտելուն պես իրենց պահանջված տեղը կզբաղեցնեն ինչպես մեր գործընկեր, այնպես
էլ մյուս առևտրային բանկերում,-նշեց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝
հավելելով, որ նման գործընկերության արդյունքում երկու կառույցները կարող են ունենալ
լավագույն արդյունք:
Նախատեսվում է համատեղ մշակել համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, ուսումնառողների ուսումնական պրակտիկաները կազմակերպել և անցկացնել Արարատբանկում, համատեղ իրականացնել գիտական հետազոտություններ, անցկացնել գիտաժողովներ, կոնֆերանսներ և սեմինարներ: