ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ

Բուհի տված գիտելիքները մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին. այս նպատակն է հետապնդում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Երևանի «Գլաձոր» համալսարանի կողմից ստեղծվող ուսումնական բանկը, որը հնարավորություն կտա ուսումնառողներին յուրացնել արդիական և պրակտիկ անհրաժեշտ գիտելիքներ: Երկու կառույցների միջև կնքված համագործակցության հուշագիրը գործատու-բուհ փոխգործակցության նոր մոդելի հիմք դնելով մեր երկրում՝ նպատակ ունի միջազգային հաջողված փորձը սեփական հեղինակային մոտեցումներով տեղայնացնել մեր երկրում՝ նպաստելով բանկային որակյալ կադրերի պատրաստմանն ու աշխատաշուկան բարձրակարգ կազմով համալրելուն:

Մեր զրուցակիցն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:  

 

-Պարո՛ն Օսիպյան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Երևանի «Գլաձոր» համալսարանի համագործակցության արդյունքում շուտով մեր երկրում կստեղծվի առաջին ուսումնական բանկը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում և արդյո՞ք նմանատիպ կառույցներ կան տարածաշրջանում:  

-Ուսումնական բանկի գաղափարը գալիս է միջազգային փորձից, որի նախադեպը Հայաստանում դեռևս չկա: Նախագիծը ենթադրում է ունենալ ուսումնական կառույց, որտեղ ուսանողները կկարողանան առավելագույնս ադապտացվել աշխատանքային պայմաններին: Այն կլինի բանկի փոքր մոդել, որը հնարավորություն կտա բանկային համակարգի ապագա աշխատակիցներին ստանալ  հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պրակտիկ գիտելիքներ։ Ուսումնական բանկ ասվածը բաղկացած է մի քանի բլոկից, որի բոլոր փուլերով անցած շրջանավարտները կարող են պատկերացնել՝  ի՞նչ է բանկը, ինչպե՞ս է այն աշխատում, ի՞նչ գործառույթներ ունի, ինչպե՞ս են իրականացվում բանկային գործընթացները  և կայացվում որոշումները,  ինչպե՞ս նաև որոշակի պատկերացում կստանան բանկի ռազմավարական  և զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ:

-Ասել է, որ ուսումնական բանկում հնարավոր կլինի այսպես ասած «հաճախո՞րդ սպասարկել»։

- Այո գաղափարը հենց դա է։  Ունենալու ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ուսումնական «մասնաճյուղ», որտեղ ուսանողները, որպես բանկի աշխատակից, կփորձեն մատուցել բանկային ծառայություններ՝ իրականացնել դրամարկղային գործառույթներ, գործարքների ձևակերպումներ, վարկավորման լիարժեք գործընթաց՝ հայտի ընդունումից մինչև որոշման կայացում, իրավաբանական ձևակերպումներ, խնդրահարույց վարկերի լուծում և այլն: Թրեյնինգ բանկում կլինի նաև ավտոմատ գանձման մեքենա և վճարային տերմինալ:  Այսպիսով   ուսանողները կստանան լավագույն փորձի վրա հիմնված  արդիական գիտելիքներ: Այս ամենն ուղղված է գործատու-բուհ  կապի ամրապնդմանը։

-Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև «Բանկային գործ»  մասնագիտության բակալավրիատի համար համատեղ կրթական ծրագրի մշակում և ներդրում: Ի՞նչ դերակատարում է ստանձնում բանկը այդ ծրագրի իրականացման գործում:

- Առաջին հերթին մենք իրականացնելու ենք բուհում գործող ծրագրերի գույքագրում և արդիականացում, ներդրվելու է միջազգային լավագույն ուսումնական հաստատություններում առկա բանկային գործ մասնագիտության գիտելիքակազմը: Բուհի տվյալ մասնագիտությունն ապահովելու ենք որակյալ դասախոսական անձնակազմով: Այդ ծրագրի առավելությունն է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանելը, շրջանավարտները կունենան ավելի շատ պրակտիկ գիտելիքներ, հետևաբար նաև աշխատաշուկայի  համար կդառնանա ավելի պահանջված։ Մենք ապահովելու ենք մասնագիտական դասախոսություններ բանկային գործող աշխատակիցների կողմից: Կդասավանդեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լավագույն մասնագետները, անհրաժեշտության դեպքում դասախոսներ կհրավիրեն նաև այլ կառույցներից։  Շեշտը դրվում է շրջանավարտ-գործատու հարաբերությունների կարգավորման վրա, ինչի արդյունքում կունենանք նոր բուհ, նոր շրջանավարտներ,  որոնք կունենան  ավելի բարձր որակ, մասնագիտական  գիտելիքներ և որոշակի փորձառություն ՝  միանգամից  աշխատանքային  կյանք մուտք գործելու համար։  Մենք ևս հնարավորություն կունենանք լավագույն շրջանավարտներին ընդունել աշխատանքի, բուհի առավելությունն էլ կլինի այն, որ իր ուսանողների համար կունենա  երաշխավորված աշխատատեղեր:

- Մեր երկրում բազմաթիվ բուհեր կրթություն են իրականացնում տնտեսագիտության ոլորտում: Ի՞նչն էր  «Գլաձոր»  համալսարանի հետ աշխատանքներ սկսելու հիմքում:

- Երևանի «Գլաձոր» համալսարանի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունենք, ես արդեն 21 տարի ճանաչում եմ ռեկտոր Ժ. Ջհանգիրյանին: Բարձր եմ գնահատում նրա մոտեցումները և նրան   համարում մեր երկրի բուհական համակարգի  լավագույն ղեկավարներից մեկը, ով ունի և՛ ակադեմիական գիտելիքներ, և՛ բուհի կառավարման պրակտիկ փորձ: «Գլաձոր» համալսարանը հանդիսանում է նաև մեր բանկի հաճախորդը: Ռեկտորի համագործակցության առաջարկը մենք ընդունեցինք մեծ հաճույքով, քանի որ  մոտեցումները  գիտելիքի կարևորության առումով համընկնում են։ Այսօր առկա մրցակցության մեջ հաղթում է այն բուհը, որը ճկուն է, արագ զարգացող  և հաղթահարում է շուկայի բոլոր մարտահրավերները։ Վստահեցնում եմ, որ առանց երկկողմ ջանքերի ու ցանկության հնարավոր չէ  հասնել լավագույն արդյունքի։ Ծրագրերը մշակվելու, քննարկվելու են մեր և բուհի մասնագետների կողմից: Համոզված եմ, որ արդյունքում մեր երկրի բարձրագույն կրթության ոլորտում մենք նոր մշակույթ կձևավորենք, որից կշահեն  բոլոր կողմերը։

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ  գլաձորցի  աշխատակիցներ ունե՞ք:  

- Այո, մեր համակարգում աշխատում են բազմաթիվ գլաձորցի տնտեսագետներ և իրավաբաններ, զբաղեցնում տարբեր պաշտոններ: Եվ դա պատահական չէ, քանի որ «Գլաձորն» այսօր համարվում է լավ, գիտելիքաշատ կադրեր պատրաստող համալսարան: Միջազգային պրակտիկայում յուրաքանչյուր տարի հրապարակվում է բուհերի վարկանիշը, ինչի որոշման հարցում մեծ դերակատարում ունի շրջանավարտների մասնագիտական գործունեություն ծավալելու փաստը և ստացած աշխատավարձը: Յուրաքանչյուր բուհի համար շատ կարևոր է, որ իր պատրաստած կադրը որպես  մասնագետ  պահանջված լինի աշխատաշուկայում:

- Պարոն Օսիպյա՛ն, Դուք՝ որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք այս մտահղացումից:

- Նախ՝ մենք ունենք սոցիալական պատասխանատվություն մեր երկրի, երիտասարդության, ուսանողության առջև՝ պատրաստել գիտելիքներով հարուստ սերունդ, փորձել տարիների ընթացքում կուտակած փորձը փոխանցել նրանց, ձևավորել նոր հարաբերություններ և  ինչու ոչ, որպես գործատու ներգրավել  լավագույն կադրերին, որոնք առկա են աշխատանքի շուկայում: Կրթությունն աշխարհում թանկ հաճույք է, այն ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես ներդրում մարդկային կապիտալում և շատ կարևոր է ընտրել, թե որ բուհի միջոցով է այդ ներդրումը կատարվում: Մարդիկ պետք է հասկանան, թե որ բուհն ավարտելով ինչ հնարավորություններ են ունենալու և  պետք է արժեքավորել ոչ այն թուղթը, վկայականը, որը ստանում են, այլ գիտելիքը։  Դիպլոմը պետք է լինի գիտելիքի գրավականը:

Հարցազրույցը Էլիզա Հովհաննիսյանի