«Գլաձորի զարգացման» հիմնադրամը կլինի մեր որդեգրած առաքելության և նպատակների իրականացման խթանիչը. Ժ. Ջհանգիրյան

Երևանի «Գլաձոր» համալսարանն արդեն երեսուն տարեկան է: Ու միայն այսօր՝ երեսունամյակի բարձունքին բուհի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ ստեղծելու հիմնադրամ՝ նպաստելու նոր ծրագրերի կյանքի կոչմանը: «Գլաձորի զարգացման» հիմնադրամի նպատակն է աջակցել կրթության և գիտության զարգացմանը, նյութական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել համալսարանի ուսանողներին, նպաստել բուհի զարգացմանն ու հզորացմանը, ազգային, հոգևոր և պետական արժեքների, հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Հիմնադրամը հնարավորություն կտա համալրել մինչ այժմ «Գլաձորի»՝ սեփական միջոցներով հավուր պատշաճի ապահովված, բայց արդեն համալրումների կարիք ունեցող նյութատեխնիկական բազան, բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողներին տրամադրել կրթաթոշակներ և նպաստներ, զարգացնել համալսարանում գիտահետազոտական գործունեությունը:

2020-ը «Գլաձորի» համար հոբելյանական տարի է. նախատեսվում է նոր կառույցի՝ համալսարանի պատմության թանգարանի հիմնում, մի շարք հոբելյանական միջոցառումներ, գիտական կոնֆերանս, գիտահետազոտական ժողովածուների տպագրություններ: Հիմնադրամի ստեղծման և հոբելյանական միջոցառումների անցկացման կարգի մասին զրուցեցինք Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, ի.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանի հետ:

- Պարո՛ն Ջհանգիրյան, համալսարանի հոբելյանական տարում ստեղծվեց «Գլաձորի զարգացման» հիմնադրամը: Ի՞նչ նպատակ է հետապնդում այն և ո՞րն է լինելու հիմնադրամի հիմնական առաքելությունը:

- Երևանի «Գլաձոր» համալսարանն իր գոյության առաջին իսկ օրից որդեգրել է մի կարևոր առաքելություն՝ տալ որակյալ գիտելիք, պետության համար պատրաստել գիտելիքներով հարուստ մասնագետներ, բարձր պատասխանատվությամբ քաղաքացիներ, ովքեր կապրեն հանուն հայրենիքի կայուն զարգացման, հանուն ավելի լավ ապագա ունեցող պետության: Ու մեր գործունեության բոլոր ճյուղերն ուղղված են մեր առաքելությանը, այդ թվում և՝ հիմնադրամի ստեղծումը: «Գլաձորի զարգացման» հիմնադրամի նպատակն է առաջին հերթին աջակցել համահայկական գիտական մտքի զարգացմանը, օժանդակել մեր պրոֆեսորադասախոսական կազմի վաստակաշատ գիտնականներին, գիտությամբ զբաղվող երիտասարդներին՝ առավել ակտիվ ներգրավվել գիտաուսումնական աշխատանքներում՝ նպաստելով հայաստանյան և, ինչու ոչ, աշխարհասփյուռ հայության գիտական նվաճումներին: Գիտությամբ զբաղվելու, ուսումնասիրություններ կատարելու, դրանց արդյունքները տպագրելու համար հարկավոր են նյութական միջոցներ: Պետք է կարողանանք օժանդակել գիտությամբ զբաղվող մեր դասախոսներին: Հիմնադրամի միջոցով մենք կկարողանանք նաև նյութական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել համալսարանի բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողներին, հնարավորություն կտանք մասնակցելու միջազգային գիտական կոնֆերանսների, թրեյնինգների՝ ի նպաստ իր՝ ուսանողի գիտելիքների համալրմանը, «Գլաձորի» ու ինչու ոչ՝ հանրապետության գիտական մտքի զարգացմանը, մոտիվացիայի, ներգրավվածության ապահովմանը: Առանց պետական աջակցության երեսուն տարի առաջ մենք կարողացել են ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իր տված գիտելիքներով, որակյալ շրջանավարտներով կարողացել է բավական մեծ ներդրում ունենալ հանրապետության կյանքում: Այսօր մեզ անհրաժեշտ են հավելյալ միջոցներ՝ մեր՝ ժամանակի պահանջներին համապատասխան քայլքը շարունակելու համար, նոր մտահղացումները կյանքի կոչելու համար: Մերօրյա մասնագիտությունների զարգացումների, նորանոր մոտեցումների և առաջադեմ արևմտյան երկրների պահանջներին համահունչ շարժվելու համար, մենք ջանքեր չենք խնայում մեր համալսարանում անհրաժեշտ կառույցներ ունենալու համար: Դեռևս անցյալ տարի «Գլաձորում» մեծ շուքով բացվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը, որի նմանօրինակը դեռևս գույություն չունի մեր երկրում: Մեր առաջիկա նպատակներից է, այդ մասին արդեն խոսվել է բազմիցս, կառուցել ուսումնական բանկ, որը հնարավորություն կտա մեր ուսանողներին դեռևս ուսումնառության տարիներին տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ: Այս ու նմանատիպ մի շարք մտքերի իրականացմանն է ուղղված հիմնադրամի ստեղծումը: Իսկ առաջնային նպատակներից է նաև համալսարանի հոբելյանական միջոցառումների իրականացման հավուր պատշաճի կազմակերպումը:  

- Հոբելյանական երեսունամյակի միջոցառումներն արդեն ծրագրվա՞ծ են: Ինչո՞վ է նշանավորվելու այն:

- Մեր նախատեսած հոբելյանական միջոցառումները տարբեր են թե՛ բովանդակությամբ, թե՛ բնույթով, բայց միաժամանակ նման են գաղափարապես, նպատակով: Ժամանակն է հավերժացնելու տարիների ընթացքում կատարված աշխատանքների ժամանակացույցը, ևս մեկ անգամ պատմելու, հիշեցնելու հայ և համաշխարհային հանրությանը, որ Երևանի «Գլաձոր» համալսարանը, ստեղծվելով 1990 թվականին, իրականում վերստեղծվել է՝ շարունակելու հայ համալսարանական գործունեության ավանդույթները, իր որդեգրած անվամբ ու գաղափարներով շարունակելու աշխարհում առաջին համալսարաններից մեկի՝ Գլաձորի համալսարանի ավանդույթներն ու մոտեցումները համալսարանական կրթությանը: Այս ավանդույթների, հին ու նոր «Գլաձորների» գաղափարների միահյուսման արդյունքը, Գլաձորի համալսարանի գիտական ու կրթական մոտեցումների արտացոլումները, Երևանի «Գլաձոր» համալսարանի գործունեության մասին վկայող փաստերն ու արձանագրությունները, հուշերն ու պատումներն այլևս ժամանակն է մեկտեղելու պատմության թանգարանի կամարների ներքո: Մեր մեծ ցանկությունն է  ստեղծել երկու կրթական մշակույթների, պատմության գզրոց, որը սերունդներին կպատմի երկու համալսարանների անցած ճանապահի, որդեգրած առաքելության, ձեռքբերումների,  ժամանակի ոգուն համահունչ մասնագիտական որակներ շնորհելու մասին: Արդեն սկսել ենք Երևանի «Գլաձոր» համալսարանի պատմության թանգարանի ստեղծման աշխատանքները, հուսով ենք՝ տարեվերջին կունենանք մեր մտքերին ու պատկերացումներին համապատասխան գեղեցիկ ու խոսուն մի հուշատուն, որը բոլոր գլաձորցիներին կհիշեցնի, իսկ հյուրերին կպատմի մեր պատմության հետաքրքիր ու բովանդակալից կյանքի մասին:   

Ինչպես վերը նշվեց՝ հոբելյանական միջոցառումները տարբեր են լինելու. նախատեսվող երկօրյա միջազգային գիտական կոնֆերանսի ելույթները, որին, ի դեպ, կմասնակցեն գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան երկրների մեր գործընկեր համալսարաններից, կտպագրվեն «Գլաձոր» համալսարանի ամենամյա գիտական հոդվածների եռալեզու ժողովածուում: Ամենայն հավանականությամբ մեր հոբելյանական միջոցառման հյուրերի թիվը բավական մեծ կլինի, ու մենք, ցավոք, չենք կարող բոլորին հյուընկալել մեր համալսարանում, այդ իսկ պատճառով հիմնական միջոցառումը տեղի կունենա մայրաքաղաքի մեծ համերգասրահներից որևէ մեկում: Այս ամենի համար բավական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչին ևս կնպաստի «Գլաձորի զարգացման» հիմնադրամը: 

- Համալսարանի ստեղծման առաջին օրից Դուք շարունակ երազում, խոսում եք բուհի դասախոսական կազմի ու աշխատակիցների՝ գլաձորցիներով համալրման, շրջանավարտների հետ շարունակական կապի մասին: Որքանո՞վ եք Ձեր պատկերացումներն այսօր իրականացած համարում:

- Այո, մենք միշտ հպարտությամբ ենք խոսում մեր շրջանավարտների մասին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն ունեն ՀՀ կրթության, գիտության, պետականաշինության կայացման գործում, ովքեր իրենց մտագործունեությամբ, տեսակով հանրապետության արժանի քաղաքացիներ են, աշխարհի տարբեր ծագերում իրենց հարուստ գիտելիքներով հայի արժանի անունը բարձրում պահող մասնագետներ: Այսօր արդեն «Գլաձորն» ունի ավելի քան 3500 շրջանավարտ, 35 գիտության թեկնածու և 1 գիտության դոկտոր: Մեր դասախոսների շարքերը վաղուց համալրել են նրանցից շատերը, գլաձորցիներ են մեր գրեթե բոլոր աշխատակիցները՝ Որակի ապահովման կենտրոնի, Կարիերայի կենտրոնի, ուսումնական մասի ղեկավարները, կան գլաձորցի ամբիոնների վարիչներ, լաբորանտներ: Այո, ինչպես նշեցիք, մեր՝ ի սկզբանե փայփայած երազանքն էր «Գլաձորը» տեսնել գլաձորցիներով: Հիմա մենք ապրում ենք այդ օրերում:   

Ստեղծելով «Գլաձորի զարգացման» հիմնադրամը՝ մենք՝ համալսարանի հիմնադիրներս, պրոֆեսորադասախոսական կազմի երեսուն տարիների անդավաճան ներկայացուցիչները, մեր երիտասարդ, նպատակասլաց աշխատակիցները, որդեգրել ենք մի կարևոր առաքելություն՝ նպաստել Երևանի «Գլաձոր» համալսարանի շարունակական զարգացմանը, հնարավորություն տալ մեր շրջանավարտների 26 սերունդներին՝ հանդիպելու և վերհիշելու ուսանողական տարիները, մասնագիտական գործունեության ալմա մաթերը: Լիահույս ենք, նրանց հետ հանդիպումները, համագործակցությունը ևս մեկ հնարավորություն կլինի վերհանելու երեսնամյա գործունեության մեջ առկա բացթողումները, շտկելու դրանք և բռնելու զարգացման նոր ուղի, յուրացնելու կրթության կազմակերպման նոր մեթոդներ, ծնունդ տալու մեր տեսլականին: Մենք ցանկանում ենք մեր գիտագործնական և ուսումնամեթոդական գործունեությանը մասնակից դարձնել նաև ՀՀ և այլ երկրների համալսարանների ներկայացուցիչներին՝ կիսելու նրանց նվաճումները կրթության և գիտության ոլորտում: Հուսով ենք՝ մեր աշխարհասփյուռ շրջանավարտների հետ համագործակցությունը կլինի ինչպես հոգևոր, գիտական, այնպես էլ նյութական, քանզի չես թաքցնի, լավ արդյունք, հաջողություններ ունենալու համար պետք են նաև նյութական միջոցներ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ բարդ է առանց պետական ֆինանսավորման ունենալ լուրջ հաջողություններ, ինչը սակայն մեզ հաջողվել է շնորհիվ նպատակասլացության և հանուն սերունդներին արժանավայել կրթություն տալու մեծագույն ցանկության:

-Երեսունամյակը հիանալի հնարավորություն է հետադարձ հայացք նետելու անցած ճանապահին, կատարած աշխատանքներին ու վերլուծելով այդ ամենը՝ կյանքի կոչել նոր ծրագրեր ու մոտեցումներ: Ի՞նչ սպասելիքներ, տեսլական ունեք հաջորդ տասնամյակներից:

- Մեր ապագայի, կայուն շարունակական զարգացման հիմքում մեր արմատներն են, որ խորը մխրճվել են հողում, մեր սերունդներն են, որ դեռ գալու են ու լավ մասնագետ դարձած ներկայանալու հանրությանը՝ բարձր պահելով գլաձորցու անունը: Մենք ունենք ապագայի   տեսլական, որը կյանքի կոչելու համար, համոզված ենք, մեր կողքին կլինեն մեր հավատարիմ շրջանավարտներն ու ընկերները: Առաջադեմ ու հաճախ վերապատրաստումների մասնակցող դասախոսական կազմի շնորհիվ համալսարանում ներդրվում են նոր ծրագրեր, շարունակվում է համագործակցությունը օտարերկրյա համալսարանների հետ, իրականացվում են համատեղ կոնֆերանսներ, դասախոսություններ, կնքվում են նոր համագործակցության հուշագրեր և այլն: Շատ մտքեր էլ իհարկե իրականություն կդառնան, եթե հիմնադրամը գործի: Շուտով համալսարանի պաշտոնական gladzor.am կայքում պատրաստ կլինի հիմնադրամի գործունեության լուսաբանման հատվածը, որտեղ կներկայացվեն հիմնադրամի գործընկերները, նրանց աջակցությունը և իհարկե հաշվետվություններ՝ կատարված աշխատանքների մասին: Առիթը օգտագործելով՝ ցանկանում եմ կոչով դիմել մեր գործընկերներին, բարերարներին, Հայաստանի հանրապետության լուսավոր ապագայով անհանգստացող քաղաքացիներին, կրթության և գիտության զարգացման ջատագովներին, աշխարհասփյուռ հայերին, որ մշտապես հայրենիքի կողքին եք մտքով ու հոգով, շրջանավարտներին լինելու մեր կողքին, աջակցելու հիմնադրամի կայացմանը: Քանզի նրանցից յուրաքանչյուրն իր որոշակի ներդրումով կաջակցի մեզ՝ իրականացնելու մեր գաղափարները: Դարեր ի վեր, միայն մտահոգ և իր հայրենիքի ապագայով ապրող անհատների շնորհիվ է հայ ժողովուրդը գոյատևել ու զարգացել, ստեղծագործել ու ստիպել աշխարհին խոսել հայի տեսակի մասին, այսօր էլ միայն սրտացավ մարդկանց աջակցությամբ հնարավոր կլինի օգնել նոր սերունդներին իրենց գիտական ներուժն օգտագործել ի նպաստ գիտության զարգացման:

Հուսով եմ՝ «Գլաձորի զարգացման» հիմնադրամը կստանա իր բարեկամների օժանդակությունը, հուսով եմ՝ մենք հիմնադրամի շնորհիվ կյանքի կկոչենք մեր՝ արժանավայել մտահղացումները, ինչպես նաև՝ հուսով եմ՝ տարեվերջին բոլորս միասին՝ մեծ շուքով կնշենք մեր հարազատ կրթօջախի հոբելյանը՝ վերհիշելով ապրած տարիները՝ իննսունականների տխուր-ուրախ օրերից, մինչև մեր՝ լուսավոր ու ավելի կայուն, ձեռքբերումներով ու նոր գաղափարներով, ապագայի հանդեպ լիահույս ժամանակներ:  

Հաշվեհամար

2470069112560000 AMD
2470069112560020 EUR
2470069112560030 RUR
2470069112560010 USD