Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը՝ ՈԱԱԿ-ը:
Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և հասարակությանը, որ տվյալ բուհի մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է ինստիտուցիոնալ և մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրման միջոցով: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:
Այսպիսով, 2015թ. Երևանի ՙԳլաձոր՚ համալսարանը (ԵԳՀ) հավատարմագրվեց ՀՀ ԿԳՆ կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան:
2019 թվականից ԵԳՀ վերահավատարմագրման փուլում է:
ԵԳՀ և ՈԱԱԿ միջև ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացի մասին պայմանագիրը կնքվեց 17.05.2019թ.: Ըստ որի` վերահավատարմագրման շրջանակներում փորձագիտական խմբի այցը ԵԳՀ նախատեսվում էր 2020թ. ապրիլի 13-ին, իսկ գործընթացը պետք է ավարտվեր նույն թվականի հոկտեմբերին: Սակայն 2020թ. ապրիլի 14-ին ԵԳՀ-ն ՈԱԱԿ-ից գրություն ստացավ այն մասին, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԵԳՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը հետաձգվում է:
Այնուամենայնիվ, ողջ ժամանակահատվածում շարունակվեցին ՈԱԱԿ-ի՝ որպես գործընկերոջ և արտաքին գնահատողի հետ գործընթացների առցանց իրականացումը` մշտադիտարկումը, հանդիպումները, խորհրդակցությունները, քննարկվեցին առցանց ուսուցման առանձնահատկությունները, առաջացած խնդիրները, վերլուծվեց առկա փորձը:
ՈԱԱԿ կողմից ավելացվեցին ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարի պահանջները, մասնավորապես ԵԳՀ տրամադրեց առցանց դասընթացների, քննությունների, մագիստրոսական թեզերի պաշտպանությունների տեսաձայնագրությունները:
Այն հարցը, թե համավարակի պայմաններում ինչպե՞ս պետք է կազմակերպվեր ինստիտուցիոնալ հավատարմագրումը, մայիսի 26-ին ՈԱԱԿ կողմից կազմակերպվեց առցանց քննարկում հավատարմագրման կամ վերահավատարմագրման փուլում գտնվող ՀՀ և ԱՀ բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց երեք հնարավոր տարբերակ՝ հավատարմագրման գործընթացի հետաձգում մինչև համավարակի ավարտը, գործընթացի իրականացում ամբողջությամբ առցանց տարբերակով կամ առցանց հանդիպումների և բուհ այցելության համադրում:
ՈԱԱԿ կողմից սեպտեմբերի 10-ին ԵԳՀ ներկայացվեց հավատարմագրման գործընթացի փոփոխված ժամանակացույցը, ըստ որի փորձագիտական այցը նախատեսվում է նոյեմբերի 16-ին, իսկ գործընթացի ավարտը նախատեսված է 2021թ. ապրիլին:
Անկախ այն բանից, թե երբ և ինչ ձևաչափով կկազմակերպվի ինստիտուցիոնալ վերահավատարմագրումը, գործընթացի շրջանակներում կարևորվելու է նաև թե որքանով է ԵԳՀ-ն արդյունավետ գործել արտակարգ դրության պայմաններում, ինչպես է գործել որակի ապահովման համակարգը և որքանով է բուհը պատրաստ ռիսկերի կառավարմանը:
Ինստիտուցիոնալ վերահավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը նախատեսում է հանդիպումներ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, գործատուների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների, ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, ստորաբաժանումների ղեկավարների, որակի ապահովման կենտրոնի աշխատակցի հետ: Այցի ընթացքում կիրականացվի նաև ռեսուրսների դիտարկում և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություն: Այցից առաջ նախատեսվում են նաև դասալսումներ:
Այսպիսով, այցի ընթացքում փորձագետները կգնահատեն բուհի գործունեությունը հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն ԵԳՀ առաջընթացը նախորդ հավատարմագրումից հետո:
Հուսով ենք, որ ՀՀ-ում տիրող ռազմական իրադրությունը և COVID 19 համավարակի աճող տեմպերը չեն խոչընդոտի փորձագիտական այցի կազմակերպմանն ու իրականացմանը: Կարծում ենք, որ համալսարանը լիովին պատրաստ է վերահավատարմագրման գործընթացի վերսկսմանը, հաշվի առնելով նաև այն, թե նախորդ հավատարմագրումից հետո բարելավման ինչ գործընթացներ են իրականացվել՝ այն է՝ նոր ենթակառուցվածքների ստեղծում, վերազինում, համագործակցությունների շրջանակի ընդլայնում, դրամաշնորհային ծրագրերի իրականացում, որակի ապահովման գործընթացներում շահակիցների ներգրավվածության մակարդակի բարձրացում, ԵԳՀ գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի մշակում և/կամ լրամշակում, դիմորդների հավաքագրմանն ուղղված նոր մեթոդների կիրառմամբ՝ ուսանողների թվի աճ և այլն:
Ռիմա ԱՅԴԻՆՅԱՆ
ՈԱԿ ղեկավար