Այսօր գլաձորցիներն
ստացան «Կոռուպցիան և բարեվարքությունը» դասընթացների շարքի մասնակցության հավաստագրերը։
Նշենք, որ երիտասարդների
շրջանում հակակոռուպցիոն գիտելիքների և կարողությունների զարգացմանը նվիրված միջոցառումը
կազմակերպվել էր ս․թ․ ապրիլի 19–ից մայիսի 14–ը Երևանի «Գլաձոր» համալսարանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։
Հանդիպման սկզբում ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի
պետ Արման Տոնիկյանն ուսանողների հետ խոսեց բուհի անցկացված դասընթացների շարքի նպատակի
ու խնդիրների մասին՝ հորդորելով նրանց լինել ավելի բաց կարծիքների փոխանակման և օգտակար
մեկնաբանություններ կատարելու հարցում։ Այնուհետև ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող
Մարիամ Հովեյանն ուսանողներին ամփոփ ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն կրթական ծրագրերն ու դրանց միանալու հնարավորությունները։
Առաջնորդվելով կատարված աշխատանքը պատշաճ գնահատելու և հետագայում
անելիքներն ավելի լավ կազմակերպելու սկզբունքով՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները
տարբեր հարցերի միջոցով լսեցին դասընթացի մասնակիցների կարծիքները, առաջարկություններն
ու մեկնաբանությունները։
Դասընթացների շարքն ամփոփող միջոցառումն ավարտվեց հավաստագրերի
հանձնման և խմբային լուսանկարահանման արարողությամբ։