SERIES OF PROFESSIONAL
EXPERIENCE EXCHANGE BETWEEN YGU & YSU IB LANGUAGE PROFESSIONALS
2021թ. հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի
5-ին Երևանի <<Գլաձոր>> համալսարանի և Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի միջև կնքված
համագործակցության հուշագրի շրջանակներում երկու բուհերի օտար լեզուների ամբիոններն
իրականացրին մասնագիտական փորձի փոխանակման 2 առցանց հանդիպում-քննարկում, որոնց մասնակցում
էին ԵԳՀ և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարբեր
լեզուների դասախոսների։ Հանդիպումների աշխատանքային լեզուներն
էին անգլերենը և հայերենը:
Առաջին
հանդիպում-քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկան բ.գ դ.,
պրոֆեսոր Գայանե Մուրադյանը («Բազմեղանակությունը ժամանակակից հաղորդակցության
համատեքստում» / “Multimodality in the Сontext of Modern Communication”) և
ԵԳՀ դասախոս, բանասիրության մագիստրոս Լիանա Ամիրաղյանը («20 րոպեում
20 մեթոդ» / “20 Methods in 20 Minutes”):
«Բազմեղանակությունը ժամանակակից հաղորդակցության համատեքստում» զեկուցման մեջ Գ.Մուրադյանը անդրադարձավ լեզվաբանական նորագույն
ուղղություններից մեկին՝ բազմաեղանակային նշանագիտությանը, հատկապես կարևորեց
2018թ. թավշյա հեղափոխության ընթացքում արտահայտվող դիսկուրսը, որը տեղեկատվական
տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից փուլում դրսևորվում է ավանդական և թվային
հաղորդակցության բազմազան ձևերով: Արիստոտելյան հռետորական հնարների կիրառության
նոր ձևերի շարքում նշվեցին ֆեյսբուքյան լայվերը, դիզայնը, անիմացիոն պատկերները,
երաժշտությունը, նկարները և խորհրդանշական/նշանագիտական բազմազան համակարգերը,
որոնք, խթանելով խոսքի տեղեկատվական և ներազդման ներուժը, նպաստեցին հեղափոխական
դիսկուրսի գործառական հնարավորությունների լիակատար իրացմանը:
Լ.Ամիրաղյանը,
ներկայացնելով 20 մեթոդ 20 րոպեում, նշեց, որ այդ մեթոդների նպատակն է մոտիվացնել
ուսանողներին՝ դասապրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելով: Բանախոսը եզրակացրեց, որ
եթե ուսանողը չի կարողանում սովորել մեր դասավանդած եղանակով, մենք պետք է
դասավանդենք այն եղանակով, որով նրանք կարող են սովորել:
Երկրորդ
հանդիպում-քննարկման ժամանակ բանախոսեցին
ԵՊՀ ԻՄ-ի դասախոս, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը («Խելացի հեռախոսները որպես 21-րդ դարի կրթական գործիք» / “Smartphones as
an educational tool in the 21st century”) և
բ.գ.թ., դոցենտ, CertTESOL, ԵԳՀ լեզուների ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը («5E մոդելի և հyperdoc-երի միջոցով ուսումնառողներին հզորացնելու արվեստի մասին» / “On the Art of Empowering Learners with the 5E Model
& Hyperdocs”):
«Խելացի հեռախոսները որպես 21-րդ դարի կրթական գործիք» թեմայով հաղորդման մեջ Է.Թեմրազյանը մասնավորապես նշեց, որ տեղեկատվական
տեխնոլոգիաները բավականին շատ փոփոխություններ մտցրին մարդկանց առօրյա կյանքում:
Այն պահից, երբ սովորողները սկսեցին օգտագործել իրենց բջջային հեռախոսները դասերի
ժամանակ, դասավանդողների արձագանքը միշտ չէր, որ դրական էր: Սակայն այսօրվա
հեռախոսներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք սովորողները կարող են օգտագործել
ի նպաստ իրենց (օրինակ՝ անգլերեն սովորելիս): Եթե դասավանդողները թույլատրեն
սովորողներին օգտվել իրենց հեռախոսներից դասերի ժամանակ, ուղղորդեն և
վերահսկեն հեռախոսով կատարվող աշխատանքները, ապա պարզապես կօժանդակեն նրանց
ուսումնառության գործընթացին՝ ապահովելով առաջընթաց:
«5E մոդելի և հyperdocերի միջոցով ուսումնառողներին հզորացնելու արվեստի մասին» զեկուցման մեջ Լ.Սահակյանն անդրադարձավ z և alfa սերնդների չափանիշների պահանջները
կյանքի կոչելու համար NASA eClips-ի նորարար 5E ցիկլային մոդելի մեթոդական մոտեցմամբ
դաս կառուցելուն՝ սովորեցնելով ուսանողներին սովորել և օգնելով նրանց ձևավորել
սեփական պատկերացումը: Խոսնակն առաջարկեց համատեղել հիպերդոքերի ճկունության և
տեխնոլոգիայի հնարավորությունները 5E մոդելի հետ որպես մի ամբողջական համակարգ:
Դասավանդման և ուսումնառության այս նորարար մոտեցումը կնպաստի ակտիվ ուսուցման
գործընթացի կազմակերպմանը, դասին ուսումնառողների ներգրավվածությանը, դասավանդողի
և ուսումնառողի ներդաշնակ համագործակցությանը: