Ս․թ․նոյեմբերի
19–ից 27–ը Երևանի «Գլաձոր» համալսարանի Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ
Արման Տոնիկյանը գործուղվել էր Հնդկաստան ԵԳՀ–ում իրականացվող «Բուժական գործ» մասնագիտության
գծով տեղեկատվական արշավին մասնակցելու և օտարերկրացի դիմորդներ հավաքագրելու նպատակով։
Գործուղման ընթացքում գործնական հանդիպումներ և քննարկումներ
են անցկացվել Հնդկաստանի 6 խոշոր քաղաքներում՝ Հայդարաբադում, Պունեում, Մումբայում,
Սուրաթում, Չեննայում և Պուդուչերրիում։ Նշված քաղաքներում նպատակային այցեր են կազմակերպվել
8 կրթական կազմակերպություններ, որոնք իրականացնում են միջնորդական-տեղեկատվական գործառույթներ
դիմորդների համար վերջիններիս մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ընդ որում՝ գործընկեր
կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում այս տարի ակնկալվում է
200–ից ավելի ուսանողների ներգրավում։
ԵԳՀ–ում իրականացվող «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգայնացման
նպատակով կազմակերպված հաղորդակցությունների շրջանակում բուհի ներկայացուցիչը հարցազրույցով
հանդես է եկել հնդկական Ray 7, TV5 News և Mercury հեռուստաալիքների եթերներում, մասնակցել
է տարբեր տպագիր և ռադիո լրատվականների հետ անցկացված ասուլիսներին, ինչպես նաև Հարավային
Գուջարատի առևտրի և արդյունաբերության ճամբարում կազմակերպված աշխատաժողովին։
Գլաձորի արտասահմանցի դիմորդներին և նրանց ծնողներին հատկապես
գրավել է բուհի երկարամյա տարիների փորձը, «Բուժական գործ» կրթական ծրագրի իրականացման
ընթացքում կիրառվող 3D տեխնոլոգիան, սիմուլյացիոն սենյակը, տեխնիկապես հագեցված լաբորատորիաները,
հարուստ թվային գրադարանի հասանելիությունը բջջային հավելվածով և ուսումնաօժանդակ ու
կացարանային այլ պայմանները։
Երևանի «Գլաձոր» համալսարանի ղեկավարությունն իր բոլոր շահառուներին
վստահեցնում է, որ շնորհիվ մեծ ջանքերի, նյութական և ոչ նյութական ներդրումների՝ բուհն
արդեն պատրաստ է պատասխանատու կերպով մատուցել կրթական մրցակցային ծառայություններ
նաև բժշկության ոլորտում։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից Երևանի «Գլաձոր» համալսարանին ս․թ․ սեպտեմբերին տրվել
է բակալավրի (անընդհատ և ինտեգրացված) կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ «Բուժական
գոր» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գործունեության թույլտվություն։