«Համահարթեցումը և ազգային ինքնության զարգացումները»

 

ԵԳՀ ԼԵԶՈՒՆԵՐԻ ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկած «Հայերն ու Հայաստանն աշխարհի աչքերով» խորագրով միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, որին ներկա էին Լեզուների ամբիոնի դասախոսները և Օտար լեզվի, Միջազգային հարաբերությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողներ։ Հանդիպման հրավիրյալ խոսնակն էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բգթՆԳասպարյանը, ով ներկայացրեց դասախոսություն՝ «Համահարթեցումը և ազգային ինքնության զարգացումները» (GLOBALIZATION & IDENTITY DEVELOPMENTS) թեմայով։

Ելույթի ընթացքում ՆԳասպարյանն անդրադարձավ համահարթեցման ընդհանուր դրույթներին, արդի համահարթեցման ժամանակաշրջանի առանձնահատկություններին, համահարթեցման ազդեցություններին (5 սոցիալական ինստիտուտների հիման վրա՝ քաղաքականություն, կրթություն, տնտեսություն, ընտանիք, կրոն), որոնց գործառույթների բովանդակային ձևափոխությունների և ուղղությունների ընդգծված անկանխատեսելի փոփոխությունների արդյունքում ձևավորվում է գերմանացի քաղաքագետ Դիտրիխ Շպերլինգի ներմուծած եզրույթով արտահայտված՝ Նոր եվրոպական ինքնությունը, որն իր արտահայտումն է գտել բազմաթիվ գիտական ու քաղաքագիտական հոդվածներում, պաշտոնական փաստաթղթերում, քաղաքական, տնտեսական, սոցիոլոգիական, լեզվամշակութային, հետազոտություններում, գիտական սեմինարների և գիտաժողովների նյութերում։ Խոսնակն առանձնացրեց Հայաստանի՝ համահարթեցմանն ինտեգրման երեք փուլերի առանձնահատկությունները։

Ն Գասպարյանը հավելեց, որ ավանդաբար կիրառվող ազգային կողմնորոշում ունեցող եզրույթները համահարթեցման համատեքստում ձեռք են բերում նոր կոնցեպտուալ իմաստներ, ինչպես հայ ինքնության համար բարձրագույն արժեք ներկայացնող ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ կոնցեպտն անգամ գլոբալ համատեքստում այլ կերպ է ընկալվում՝ դա ոչ թե առնչվում է հայրենիքի անվտանգությանը, քանի որ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ գաղափարներն էլ արդեն ձևափոխված են և առնչվում են տնտեսության տարածքային/տերիտորիալ հեռանկարային զարգացմանը։ Հայրենասեր լինել գլոբալ առումով նշանակում է տեղական արտադրողին տալ հնարավորություն իր ստեղծած ապրանքը վաճառելու ավելի էժան, քան դրսից մուտք գործած նույն ապրանքը։ Խոսնակը եզրափակեց՝ հավելելով, որ համահարթեցումն այլևս Հայաստանում է և մնում է հուսալ, որ հայ ինքնությունն ուժեղ ինքնությունների խմբին է պատկանում, և, որ հայը, ինչպես շոտլանդացին, իռլանդացին, ուելսցին ունակ է զուգահեռաբար և միաժամանակ կրել մի քանի ինքնություն։