Սիրելի գլաձորցիներ
Մեկնարկում է 2022-2023 ուսումնական
տարին, որը նոր ժամանակաշրջան և կյանքի նոր սկիզբ է ամենքիդ համար: Սեպտեմբերի մեկը
նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի
գերագույն արժեքներից մեկը: Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային
մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության
մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես
էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Այս համատեքստում շնորհավորում եմ ամենքիդ՝
ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
Հարգելի առաջին կուրսեցիներ,
դուք ընդունվել եք 32-ամյա պատմություն ունեցող Երևանի «Գլաձոր» համալսարան, որն անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ. որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, հարուստ ուսումնական,առարկայական ծրագրեր և, իհարկե, գիտական ներուժ: Սովորել «Գլաձոր» համալսարանում՝
նշանակում է լինել մեր կյանքի առաջամարտիկ, հասարակության, ժողովրդի ու մեր երկրի ամենազարգացած
և ամենաբանիմաց մարդկանց շարքում: Այսօր դուք ձեր ուսերին եք առնում համալսարանական,
գլաձորցի լինելու ծանր, բայց հաճելի պատիվը:
«Գլաձոր» համալսարանը, կարևորելով իր ուսանողների մասնագիտական կատարելության
ձգտումը, առաջնորդվում է այնպիսի ուսումնական ծրագրերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին` նպաստելով նաև կրթության
զարգացմանը տարածաշրջանում և սփյուռքում: Տալով բարձրակարգ շրջանավարտներ Հայաստանի
գիտակրթական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին` վստահ կարող ենք
ասել, որ մեր բուհը, իրոք, դարձել է պատմական Գլաձորի արժանի շարունակողը: Ճիշտ է, այս փաստը ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող, որ ժամանակակից կրթական համակարգում միշտ պահենք ու պահպանենք «Գլաձորին» հատուկ և յուրօրինակ դիմագիծը, ինչն այսօր անում
են մեր հազարավոր շրջանավարտներ՝ պատվով կրելով գլաձորցի անունը:
Գլաձորում ստեղծված
են լավագույն մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները, որոնց ճիշտ օգտագործումը
կստեղծի Ձեր ապագան։ Օգտվեք Ձեր իրավունքների ճիշտ իրացումից և ապագան կանխատեսելի
կլինի։ Գտեք Ձեր ապագան Երևանի «Գլաձոր» համալսարանում։
Ժ. Ջհանգիրյան
ԵԳՀ ռեկտոր, իր.գ.դ., պրոֆեսոր