«Գլաձորում» շուտով ավարտին կհասնեն նոր ուսումնական կառույցի՝ քրեագիտության ուսումնափորձագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքները: Կենտրոնի ստեղծմամբ համալսարանը հնարավորություն կունենա պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ, գործող մասնագետների համար կիրականացվեն վերապատրաստումներ և վերաորակավորումներ: Նոր կառույցի ստեղծման նպատակով կատարվել է առաջատար փորձի ուսումնասիրություն՝ այցեր ՌԴ տարբեր բուհեր, որտեղ ուսումնասիրվել են նմանատիպ համալսարանական կառույցները: Կենտրոնի ձևավորման գործում ներգրավված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրականացրել են անհրաժեշտ փաստաթղթային հենքի մշակումը և համապատասխան գործընթացներում տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: Այսօր
արդեն համագործակցության հիմքեր են ստեղծվել ոլորտում առաջատար փորձագիտական կենտրոնների և «Գլաձոր» համալսարանի միջև: Կնքվել են համագործակցության պայմանագրեր ՀՀ Փորձագիտական կենտրոնի, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ պալատի հետ:
2019-20 ուստարում արդեն «Գլաձորում» կգործի նոր մագիստրոսական կրիմինալիստիկական գործունեություն կրթական ծրագիրը, որը նպատակաուղղված է «Իրավագիտություն» մասնագիտությամբ կրիմինալիստիկայի բնագավառում մագիստրոսի որակավորմամբ մասնագիտական ու մտավոր զարգացվածության բարձր աստիճան ունեցող կադրերի պատրաստմանը: Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ մատնադրոշմային, հետքաբանական և ձեռագրաբանական, դատահաշվապահական և ֆինանսատնտեսական, համակարգչատեխնիկական փորձաքննությունները: Կրիմինալիստիկական գործունեություն ծրագրի իրականացման ընթացքում համալսարանը համագործակցում է ինչպես ազգային փորձագիտական կենտրոնների և համապատասխան կառույցների, այնպես էլ օտարերկրյա, մասնավորապես Օ. Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ֆակուլտետի և դատական փորձաքննությունների ինստիտուտի հետ: Ծրագրի իրականացումը կոչված է ապահովելու քրեական, քաղաքացիական, վարչական, արբիտրաժային դատավարությունների, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների շրջանակներում, ինչպես նաև իրավակիրառ, իրավապահ և փորձագիտական գործունեության ընթացքում կրիմինալիստիկական գիտելիքների ու հմտությունների կիրառման խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ ծրագիրը մագիստրոսներին հնարավորություն կընձեռի ստանալու տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկությունների հավաքման գործընթացում, ինչպես նաև ինքնուրույն կիրառելու կրիմինալիստիկական գիտատեխնիկական միջոցներ ու մեթոդներ դրանց ստուգման ու գնահատման ընթացքում: