Մեդիագրագիտության
շաբաթը «Գլաձորում»
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների
կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարեցին Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի
բոլոր դպրոցներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի
նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։
Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու,
տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի
գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության
հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։
Այս իսկ պատճառով այս տարի ՀՀ բոլոր դպրոցները հրավիրվեցին միանալու նախաձեռնությանը
և հինգ օրերի ընթացքում անցկացնել մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ,
քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։
Միջոցառմանը միացան նաև գլաձորցիները: «Գլաձորի» քոլեջի
դասղեկ, քիմիայի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ուսումնառողները
հնարավորություն ունեցան կտրվել դասերից ու առօրյայից՝ ընկղմվելով այլընտրանքային-ինտերակտիվ
դասախոսության ու առօրյա դարձած մեդիաիրականության մեջ: Լրագրության՝ ծնունդից մինչև
մեր օրերը անցած ճանապարհը հանդիպում-դասախոսության ժամանակ ներկայացրեց համալսարանի
շրջանավարտ, լրագրող Էլիզա Հովհաննիսյանը: Թեև միջոցառումը նախատեսված էր բարձրդասարանցիների
համար, բայց սիրով ներկա գտնվեցին նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի
երկրորդ կուրսի ուսանողները:
Ներկաները դիտեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
պատրաստած «Ինչպես վերլուծել տեղեկությունները» տեսաֆիլմը, որը պատմում է թե ինչ բան
է մեդիան և ինչ է մեդիագրագիտությունը, տեղեկատվությունը, ինչին է պետք ուշադրություն
դարձնել, ինչ դիտել, ընթերցել, լսել և ինչն անտեսել: Ֆիլմին հետևեցին քննարկումները: Թեև ներկաների մեջ
չկային երիտասարդներ, ովքեր իրենց ապագան պատկերացնում են լրագրութան ասպարեզում, բայց,
ի ուրախություն կազմակերպիչների, ներկաներից յուրաքանչյուրը պատրաստ էր իր գրագիտությամբ
աջակից լինել մեդիաոլորտի առողջացմանը: Զանգվածային լրատվամիջոցների անցած ճանապարը
մի քիչ խորթ ու մի քիչ էլ անհասկանալի է էլեկտրոնային դարաշրջանի սերնդի համար, բայց
մերօրա էլեկտրոնային լրատվամիջոցները երիտասարդների ուշադրության կենտրոնում են, տրված
անաչառ տեղեկատվությունը վերջիններիս համար գովելի, իսկ զազրախոսություններն ու ապատեղեկատվությունը
քննադատելի են:
Երիտասարդների հարցերը բազմազան էին, բայց իրենց ուրույն տեղն ունեին իհարկե հայաստանյան հեղափոխության ժամանակ լրատվամիջոցների կատարած աշխատանքին առնչվողները: Ունենալ մեդիագրագետ սերունդ, նույնն է, թե ունենալ ոչ անտարբեր, հասարակական-քաղաքական կյանքի զարգացումներին հետևող, իրականությանը քաջատեղյակ հասարակություն: