Անցումային արդարադատության հետքերով
Հանդիպումը փորձառու և հաջողված փաստաբանի հետ միմիայն կարող է ոգևորել ապագա իրավաբաններին: «Գլաձոր» հանալսարանի ուսանողներն օրերս հանդիպեցին ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի և ԿԳՆ Գիտական քաղաքականության վարչության պետ Արտաշես Ջավադյանի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել դասախոսությունների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, գործող իրավաբանների մեկնաբանությամբ հասկանալ՝ ինչ ասել է քայլեր անել այս ոլորտում և, որ առավել արդիական է, իրավաբանի տեսանկյունից ծանոթանալ հետհեղափոխական շրջանում տիրող հասարակական-քաղաքական իրադրությանը մեր երկրում:
Ն. Բաղդասարյանն անդրադարձավ անցումային
արդարադատությանը, ինչը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր, առողջ երկիր և հասարակություն
կառուցելու համար: «Անցումային արդարադատության առաջին քայլերից պետք է լինի վերջին
25-30 տարիների ընթացքում քաղաքական, սոցիալական ու տնտեսական ոլորտներում մեր քաղաքացիների
իրավունքների խախտումների, պետությանը կամ քաղաքացիներին էական վնաս հասցրած դեպքերի
վերաբերյալ ճշմարտության պաշտոնական արձանագրումը։ Որպես գործող փաստաբան, հյուրը ներկաների
ուշադրությանը ներկայացրեց դատավարություններ, որոնց ժամանակ իր իսկ պաշտպանյալը ստիպված
է եղել ենթարկվել կաշառված դատավորների քմահաճույքներին: Խոսելով անցումային արդարադատության իրականացման գործիքակազմի մասին՝
Ն. Բաղդասարյանը նշեց, որ այն միջազգային հանրային իրավունքում համեմատաբար նոր ու զարգացող ոլորտ է՝ մասամբ պայմանավորված մարդու իրավունքների և
ազատությունների գերակա
և անօտարելի լինելու հանգամանքների վրա ուշադրության կենտրոնացմամբ:
Փաստաբանն Անցումային արդարադատության համար կարևոր գործիք է համարում նաև «ճշմարտության հանձնաժողովների» ստեղծումը, որոնք նպատակ ունեն հայտնաբերելու նախկինում կատարված քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների ոտնահարման դեպքերի խորքային պատճառներն ու հետևանքները, և ներկայացնելու իրական պատկերը հասարակությանը։ «Ճշմարտության հանձնաժողովների» զեկույցներն ու հաշվետվությունները որպես հիմք են ծառայում Անցումային արդարադատությամբ կիրառվող դատական և ոչ-դատական միջոցների համար։ «Ես պատրաստ եմ իմ փորձառության և տարիների գործունեության շնորհիվ նպաստել «ճշմարտության հանձնաժողովների» ստեղծմանն ու կայացմանը, պետք է լինեն ճշմարտության թանգարաններ, որոնց ևս ես շատ նյութեր ունեմ հանձնելու: Մենք պետք է անվախության շնորհիվ ունենանք արդարադատություն և առողջացած հասարակություն»,-ասում է նաև:
Այս ու նմանօրինակ հանդիպումները հիանալի հնարավորություն են երիտասարդների համար՝ յուրացնելու նոր գիտելիքներ և ապրելու հասարակության մեջ տիրող առողջ գաղափարներին և ոգուն համընթաց: