«Գլաձոր» համալսարանի
շրջանավարտներն օժտված են իրավագետին բնորոշ սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և կամային գծերով
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատավորի թափուր
տեղերի համար հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում
մեծ թիվ էին կազմում առաջադրված Երևանի «Գլաձոր» համալսարանի շրջանավարտները,
որոնցից շատերն աչքի են ընկել մասնագիտական գիտելիքների լիարժեք տիրապետմամբ: Բարձրագույն դատական խորհրդի
անդամ Գևորգ Դանիելյանի հավաստմամբ շնորհիվ պահանջների
համապատասխանության և իրավաբանական գիտելիքների լիարժեքության գլաձորցի
դատավորի թեկնածուներից շատերն արժանացել են խորհրդի անդամների բարձր գնահատականին: Վերջինս ողջունում
է այն հանգամանքը, որ «Գլաձորի» շրջանավարտները տարեցտարի բարելավում են իրենց կերպարը՝ ապացուցելով,
որ բացի տեսական
ու գործնական գիտելիքներից, օժտված են նաև իրավաբանին հատուկ սկզբունքայնությամբ և կամային
հատկանիշներով:
Մեր զրուցակիցն է Բարձրագույն դատական խորհրդի անդամ,
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գևորգ Դանիելյանը:
- Պարո՛ն Դանիելյան, իրավաբանական կրթություն տալիս են մեր երկրի
տասնյակ բուհերից շատերը: Կարելի՞ է այդ կրթությունը լիարժեք համարել և արդյո՞ք իրավաբանականի
դիպլոմ ստացած մերօրյա շրջանավարտի գիտելիքները բավարարում են ոլորտի պահանջներին:
- Տասնյակ բուհերից այս փուլում հնարավոր է առանձնացնել
միայն մի քանիսը: Առաջատարը շարունակում է մնալ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտեը, որն
ունի համապատասխան ներուժ և ավանդույթներ: Մեծ մրցակցությանը կարողացան դիմակայել միայն
քչերը, որոնց մի մասը ձևավորվել է, հիմնականում, միջազգային պայմանագրերի հենքով, ինչը
որոշակի կազմակերպաիրավական երաշխիքներ է ապահովել: Ակնհայտ է, որ մասնավոր բուհերից
մի քանի չափանիշներով առանձնանում է «Գլաձոր» համալսարանը, որի շրջանավարտները ներկայումս
իրենց մասնագիտությամբ ոչ միայն պարզապես զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, այլև
միանշանակ ընկալվում են, որպես արհեստավարժներ: Պարզ է, որ բուհի ղեկավարությանը հաջողվել
է հաղթահարել մասնավոր բուհի ճանապարհին անխուսափելիորեն ծագող տարաբնույթ խոչընդոտները
և ապացուցել, որ մասնավոր բուհը կարող է ունենալ մեծ ապագա: Ռեկտոր պարոն Ջհանգիրյանին
անձամբ եմ ճանաչում, քանի որ եղել է իմ դասախոսներից, ընդ որում, այն առարկայից, որն
ընտրել եմ հետագա մասնագիտացման համար:
- ՀՀ վերաքննիչ
դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների
ցուցակում կային և գլաձորցիներ: Ինչպիսի գիտելիքներ դրսևորեցին նրանք և ի՞նչ արդյունքներ
գրանցեցին:
- Ոչ միայն վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու,
այլև առաջին ատյանի դատավորի թափուր տեղերի համար հավակնորդների քննություններին և
հարցազրույցին մասնակցել են «Գլաձոր» համալսարանի բազում շրջանավարտներ: Նրանց մի որոշակի
մասը գրանցել է դրական արդյունքներ: Ընդհանուր առմամբ, ողջունելի է, որ կայացած պետական
բուհերից զատ, այս բուհի շրջանավարտները տարեց տարի բարելավում են իրենց իմիջը, ապացուցում,
որ ոչ միայն ձեռք են բերել անհրաժեշտ տեսական գիտելիքներ, այլև օժտված են իրավագետին
բնորոշ սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և կամային գծերով: Եթե Ձեզ հետաքրքրում
է զուտ վիճակագրական տվյալները, ապա դրանք սպառիչ կան մեր պաշտոնական կայքում, հետևաբար, չարժե, կրկնել, պարզապես նկատեմ, որ բուհը նշված ցուցանիշներով
անգամ գերազանցում է մի շարք միջպետական բուհի կարգավիճակ ունեցող կառույցներին:
- Երևանի «Գլաձոր» համալսարանում շուտով կբացվի Քրեագիության ուսումնափորձագիտական կենտրոն: Որքանո՞վ եք կարևորում նման կառույցի առկայությունը ուսումնական
հաստատությունում:
- Եթե միայն ասեմ, որ խիստ անհրաժեշտ է, ապա գրեթե ոչինչ
ասած չեմ լինի: Մենք գործնականում ամեն քայլի ենք զգում այդպիսի հետազոտական կենտրոնի
կարիքը, վերջապես, հանցավորության շարժը, միտումները, առավել առանցքային պատճառները
և դրանք կանխարգելելու քաղաքականությունը չեն կարող հիմնված լինել սոսկ վիճակագրական
տվյալների մակերեսային վերլուծությամբ: Մեզ անհրաժեշտ են հստակ պատասխաններ առնվազն
այնպիսի մտահոգող հարցադրումների առնչությամբ, ինչպիսիք են բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների
աճի իրական պատճառները, մամուլի, հեռուստատեսության նյութերի ազդեցությունը հանցավորության
շարժի վրա, իրավաբանի մասնագիտությամբ պաշտոնյաների արհեստավարժության աստիճանը, մի
խոսքով հակիրճ թվարկել չի ստացվի:
- Գլաձորյան կրկիմինալիստիկական
լաբորատորիան ենթադրում է դառնալ անկախ փորձագիտական կառույց: Որքանո՞վ նպատակահարմար
և իրականանալի է պետական կառույցների՝ դատախազության, Փաստաբանների պալատի և այլ հաստատոևթյունների
հետ համատեղ աշխատանքը:
- Առնվազն երկու անվիճելի փաստարկ այդ նախաձեռնության
անհրաժեշտությունն են ընդգծում 1) դատարանների և մինչդատական վարույթ իրականացնող մարմինների
անթույլատրելի խիստ ծանրաբեռնվածությունը և 2) փորձաքննության ոլորտում խիստ անհրաժեշտ
մրցակցություն ապահովելը: Ծանոթ լինելով Ձեր բուհի ղեկավարության կազմակերպչական ունակություններին,
կասկած չունեմ, որ իրավասու մարմինների դրական դիրքորոշման դեպքում, կունենանք հիրավի
մրցակից ու ընդհանուր ծանրաբեռնվածությունը նկատելիորեն մեղմելու ունակ կառույց:
Ընդհանրապես, փորձաքննության անհարկի
կենտրոնացումը բացառում է այդ ոլորտում անհրաժեշտ մրցակցությունը և հաճախ էլ խիստ անհրաժեշտ
օբյեկտիվությունը: Այսպիսով, պակաս կարևոր չէ նաև անաչառության հանգամանքը, և այս տեսանկյունից
ևս այդ կառույցը կարճ ժամանակում կարող է վստահելի գործընկեր ճանաչվել:
- Պարոն Դանիելյան,
մասնագիտական այնպիսի ուղի եք կերտել, որտեղ կա և՛ կայացած գիտնականը, և՛ կայացած իրավաբանը:
Մեկն առանց մյուսի հնարավոր կլինե՞ր:
- Հավասարապես սիրել եմ և գիտությունը և պրակտիկ աշխատանքը,
կարծում եմ, սա իմ հաջողության գրավականն է: Ընդհանրապես, յուրաքանչյուր գիտնական իրավագետ
պետք է գոնե նվազագույն չափով ծանոթ լինի պրակտիկ գործունեությանը. այդ տեսանկյունից
ողջունելի է այն դասախոսների գործունեությունը, որոնք զբաղվում են նաև փաստաբանական
աշխատանքով: Չափազանց դժվար է զուտ իրավական ուսմունքների իմացությամբ համարժեք պատկերացում
ունենալ արդի բարդագույն իրավական հիմնախնդիրների վերաբերյալ, թերևս, դա է պատճառը,
որ որոշ տեսական եզրահանգումներ ընդհանուր եզրեր անգամ չունեն իրական զարգացումների
հետ և չեն կարող պիտանի լինել գործնական կյանքում:
- Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Եղե՞լ են դեպքեր, երբ ստիպված եք եղել ընտրություն կատարել
մեկի և մյուսի միջև:
- Չէի ուզենա
մեծամիտ մարդու տպավորություն թողել, պարզապես նկատեմ, որ մեծամասամբ կարողացել եմ
ինքս դեմ չգնալ սեփական արժանապատվությանս դեմ, սակայն, ցավոք, միշտ չէ դա հաջողվել:
Երիտասարդ տարիներին դա առավել դյուրին էր ստացվում, թեպետ ավագ տարիքում էլ չեմ փայլել
հարմարվողանակությամբ: Եթե գտել եմ, որ ճիշտ եմ, ապա կարողացել եմ հանգիստ այդ մասին
ասել պետության առաջին պաշտոնյային՝ գիտակցելով նաև հնարավոր հետևանքները: Ինչևէ, կյանքը
միանշանակ ապացուցում է, որ ոչ մի պարագայում չարժե գնալ փոխզիջման, չկա այնպիսի արժեք,
որը գերակայի արժանապատվությանը, իսկ իրավական օրենքը բնավ չի պարտադրում երկմտել անգամ.
իրավական օրենքը կառուցված է հենց արժանապատվության գիտակցման հենքով:
- 2018-ը ՀՀ-ի
համար իրադարձություններով հարուստ, բեկումնային տարի էր: Ի՞նչ ենք թողնում և ի՞նչ
տանում մեզ հետ 2019 թվական:
- Թողնում ենք առանցքային, բեկումնային փոփոխություններ,
որոնք կարժևորվեն և դրական հուշեր ու պատմություն կդառնան, եթե գիտակցենք դրանց կարևորությունը,
չսահմանափակվենք սոսկ զգացմունքային գործոններով և յուրաքանչյուրս ձգտի կյանքի կոչել
մեծ փորձությունների միջով անցած մեր ժողովրդի իղձերը, միմյանց նկատմամբ լինենք բացառիկ
ազնիվ, մոռանանք նենգությունը, որը մեզ ներսից է սպանում:
- Ամանորի նախաշեմին
ամենքս դառնում ենք ռոմանտիկ երազողներ … Փորձենք այս անգամ միասին երազել …
- Եկեք երազենք՝ նախ, թող խելամիտ ու խաղաղ լուծում ստանա
Արցախի իրավական կարգավիճակի հարցը, թող մեր Երկիրը վերածվի կայուն ապագա ունեցող պետության
և, վերջապես, թող բոլորը թոթափեն միմյանց նկատմամբ թշնամանքը, դառնան իսկական հայասեր
ու մարդասեր, Աստված մեզ օգնական: