Բացվեց «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնը»
Կրթությունը լիարժեք է դառնում, երբ
ուսումնառողը տեսական գիտելիքներին զուգահեռ հնարավորություն է ունենում նոր
գիտելիքները կիրառել գործնականում: Այս նպատակով Երևանի «Գլաձոր» համալսարանում օրերս բացվեց «Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»՝ ուսումնափորձագիտական կառույց՝ եզակի հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության,
դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ղեկավարներ և
այլ հյուրեր:
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներով և «Գլաձորի» ղեկավարության,
կրիմինալիստիկայի ոլորտի լավագույն մասնագետների ջանքերի շնորհիվ երկամյա
աշխատանքներից հետո այսօր բուհում գործում է կենտրոն, որը լավագույն
հնարավորություն է ինչպես գլաձորցիների, այնպես էլ այլ բուհերի իրաբավանական և
հարակից ոլորտների ուսումնառողների, իրավագիտություն մասնագիտությունը նախընտրող՝
ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար՝ ստանալ լիարժեք գիտելիքներ,
սեփական ձեռքով ու աչքով կատարել փորձաքննություններ, ի վերջո՝ մասնագիտանալ
այսօր՝ վաղը գործելու նպատակով: Նորաստեղծ կառույցի նպատակներից է նաև ՀՀ-ի, ինչու
ոչ նաև ալ պետությունների համար դատական փորձագետների ստեղծումը, և անկախ
փորձագիտական կենտրոն դառնալը՝ իրականացնելով դատակրիմինալիստիկական
փորձաքննություններ: Ինչպես իր ելույթում նշեց «Գլաձոր» համալսարանի ռեկտոր,
իր.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը՝ «Ի սկզբանե կենտրոնի ստեղծման նպատակը ոչ
միան «Գլաձոր» համալսարանի ուսումնառողների և դասախոսների կողմից դրա օգտագործումն
էր, այլ նաև համագործակցությունն իրավագիտություն մասնագիտական կրթական ծրագիր
իրականացնող ուսումնական հաստատությունների, փորձաքննություններ իրականացնող
կառույցների, իրավապահ մարմինների, փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ»:
Ի դեպ, պետք է նշել, որ արդեն համագործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ Փորձաքննությունների
ազգային բյուրո ՊՈԱԿ-ի, ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ Ոստիկանության
կրթահամալիրի, ՀՀ Փասատաբանների պալատի հետ:
Կառույցի բացմանը ներկա Կրթության և
գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բուհին ուսումնական կենտրոնի բացման կապակցությամբ,
նշեց. «Այն, ինչ տեղի է ունենում «Գլաձորում», բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես
ոչ պետական բուհում, մեր ցանկալի արդյունքն է: Խոսվում է այն մասին, որ պետությունը
ցանկանում է փակել մասնավոր բուհերը, ամենևին այդպես չէ, մենք ցանկանում ենք ունենալ
իրական բուհեր, որտեղ կա կրթություն, գիտություն, հետազոտություն: «Գլաձոր» hամալսարանը, իր զարգացման տարիների
ընթացքում այդ նպատակն է hետապնդել, իսկ այս կենտրոնի բացումը դրա ապացույցներից է: Համոզված ենք, որ
«Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնի» ստեղծման համար հատկացված միջոցները,
կենտրոնն ինքը կծառայեն իրենց նպատակին: Նույն ծրագրի շրջանակներում մենք ունենք օրինակներ,
որ միջոցները հատկացվել են լաբորատորիաների ստեղծմանը և դրանք պատշաճ կերպով չեն գործում:
Մենք ուզում ենք որ այս դեպքում այդպես չլինի: Այն եռանդը, որ առկա բուհի ղեկավարության
մոտ, ինձ հավատ է ներշնչում, որ այս կենտրոնը դառնալու է փորձագիտական լուրջ կառույց
«Գլաձոր» համալսարանի և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»:
Կենտրոնն ընդգրկում է՝ կրիմինալիստիկական ուսումնական կաբինետ, կից մասնագիտական լոկալ գրադարանով և մատնադրոշմային, հետքաբանական, ձեռագրաբանական ֆինանսատնտեսական և դատահաշվապահական, համակարգչատեխնիկական լաբորատորիաներ: Վերջին սերնդի փորձագիտական
սարքավորումները հնարավորություն են տալիս իրականացնել հետքաբանական, ձգաբանական,
փաստաթղթափորձաբանական, հողագիտական, կենսաբանական և մանրաթելերի,
համակագչատեխնիկական փորձաքննություններ:
Ներկաներից շատերը, բարձր գնահատելով նոր կառույցը, նշում
են ինչպես կրթական, այնպես էլ դատաիրավական համակարգում փորձագիտական կենտրոնի անհրաժեշտության
մասին. «Մենք մինչ օրս չենք ունեցել նման կառույցներ
և դա թերացում է: Նման ոչ այնքան մատչելի հաճույքը կարող է դառնալ կենտրոն, որտեղ կզարգանան
միջհամալսարանական կապերը, որտեղ կզարգանան իրավաբանական գիտելիքները: Կրիմինալոգիան
առանց նմանատիպ հաստատության, առանց նման ունակությունների և հմտությունների ձեռքբերման
հնարավորությունների շատ դժվար է պատկերացնել: Այսօր՝ այս միջոցառմամբ «Գլաձոր» համալսարանը
ևս մեկ քայլ է անում՝ ջնջելու մասնավոր և պետական բուհերի միջև տարբերությունը: Հերթական
անգամ ապացուցվում է, որ խնդիրը մարդկանց մեջ է, կադրերի, գիտնականների, ովքեր տիրապետում
են իրականությանը»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Երևանի «Գլաձոր» համալսարանն
իրականացնում է հանրապետությունում միակ՝ «Կրիմինալիստիկական գործունեություն»
մագիստրոսական ծրագիրը, որի իրականացման գործընթացում ներգրավված
են հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր համապատասխան ոլորտում ունեն
անհրաժեշտ մասնագիտական պրակտիկ փորձ: Նորաստեղծ «Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը» լավագույն հարթակ է «Կրիմինալիստիկական գործունեություն» մասնագիտությունն ուսումնասիրողների համար՝ ձեռք բերված գիտելիքներն անմիջապես կիրառելու լաբորատոր պայմաններում:
Նորաստեղծ «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնին» վերագրվող գործառույթները բազմազան են, իսկ նպատակներն առաջ գնացող. «Մեր խնդիրների իրականացման համար մենք ունենք գիտական և փորձագիտական ներուժ պատասխանատվություն կրելու, պատրաստակամությամբ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»,- իր խոսքում նշեց ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը՝ ակնկալելով պատկան մարմինների օժանդակությունը և հավատալով վաղվա օրվա հաջողություններին, հայ ժողովրդի և պետության ապագային, քանզի այդ հավատն է ուժ ներշնչում արարելու և նորը ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու, արժանի մասնագետներ պատրաստելու համար, ինչը Երևանի «Գլաձոր» համալսարանի համար եղել է ուղենիշ գոյութան 29 տարիների ընթացքում: